Կաբո-Վերդեյի հավաքականի դարպասապահի հետևորդների թիվը մի քանի ժամում 46 հազարից հասել է 1,6 միլիոնի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի առաջին տուրի Իսպանիա – Կաբո-Վերդե խաղի գլխավոր հերոսը 40-ամյա դարպասապահ Ժոզիմար Վոզինյան է։

Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած խաղում իսպանացիները 27 հարված են կատարել դեպի դարպասը (7-ը՝ դիպուկ), սակայն Վոզինյան կատարել է 7 տպավորիչ սեյվ և անառիկ պահել սեփական դարպասը: Այս ցուցանիշի շնորհիվ նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ավելին, 40-ամյա Ժոզիմարը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահը, ով իր նորամուտի խաղում դարպասը պահել է անառիկ: Հատկանշական է ուժերի հարաբերակցությունը մինչև հանդիպումը. ՖԻՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում Իսպանիան զբաղեցնում է 3-րդ, իսկ Կաբո-Վերդեն՝ 64-րդ հորիզոնականը:

Սենսացիոն արդյունքն ապահովելուց հետո Վոզինյան չի կարողացել զսպել արցունքները խաղադաշտում: Ավելի ուշ դարպասապահը կիսվել է իր հույզերով AS պարբերականի հետ զրույցում։

«Հիանալի հանդիպում էր: Մենք աներևակայելի շատ էինք աշխատել այս պահի և այս երազանքի համար: Մենք շատ հպարտ ենք: Գիտեինք, որ հեշտ չի լինելու: Մենք եկել ենք աշխարհի առաջնություն մրցակցելու համար: Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր մեզ համարում են փոքր և թույլ թիմ, սակայն մենք այստեղ ենք պայքարելու և մեր առավելագույնը տալու համար»,-ասել է դարպասապահը։

ԱԱ-2026-ում գրանցած ֆանտաստիկ ելույթից հետո դարպասապահի հայտնիությունը համացանցում կտրուկ աճել է: Մինչև իսպանացիների դեմ խաղը նրա սոցցանցերի հետևորդների թիվը 46 հազար էր, իսկ խաղից անմիջապես հետո այն հասել է 1,6 միլիոնի:

Վոզինյան այժմ հանդես է գալիս պորտուգալական Երկրորդ լիգան ներկայացնող «Շավեշ» ակումբում: Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին, և նա կդառնա ազատ գործակալ։

Leave a Comment