Խորհրդարանը քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ հարակից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները

2024 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել էր «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգում ունեցավ էական նշանակություն: Ներդրված մեթոդներն ու մոտեցումները եւ Կառավարության քաղաքականությունը բերել են նրան, որ այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում կրթությունն ավելի գրավիչ է: Մենք ունենք ավելի քան 47.000 ուսանող, որոնք ուսանում են կրթական համակարգում եւ գալու են համալրելու մեր տնտեսության համար անհրաժեշտ կադրերի բանկը: Առաջարկվող փոփոխությունը բխում է այս շրջանում իրականացվող բարեփոխումների գործընթացում ի հայտ եկած մի շարք կիրարկման առանձնահատկություններից եւ դրանք կարգավորելու անհրաժեշտությունից:

Այս մասին ԱԺ-ի՝ հունիսի 16-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթեցրցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով գործադիրի հեղինակած ««Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Մասնավորապես, ըստ գերատեսչության ղեկավարի,  փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղություններով: Առաջին ուղղությամբ նախատեսվում է ավելի համահունչ դարձնել լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացները:

Ամբողջությամբ նոր համակարգ է ներդրվել նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենքով:

Ժաննա Անդրեասյանի խոսքով օրենքների նախագծերի փաթեթում հստակ ամրագրվել են նաեւ ՄԿՈՒ համակարգի մանկավարժական աշխատողների ատեստավորման եւ տարակարգի շնորհման, հավելավճարի սահմանման եւ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու դրույթները՝ հաշվի առնելով հանրակրթության եւ ՄԿՈՒ համակարգում տեղի ունեցող գործընթացները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Leave a Comment