Քվեարկության կանոնները կարող են փոխվել․ ովքե՞ր չեն կարող մասնակցել ընտրություններին ու հանրաքվեներին

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է սահմանել նոր կարգ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար։

Ըստ նախագծի՝ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս՝ 183 օր, բնակվել են Հայաստանում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընտրությունները պետք է արտացոլեն այն քաղաքացիների կամքը, որոնք գտնվում են պետության որոշումների ազդեցության իրական տիրույթում։ Թեև քաղաքացիությունը համարվում է ժողովրդաիշխանության իրացման հիմք, հեղինակների կարծիքով անհրաժեշտ է նաև ապահովել մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը՝ ընտրողի և պետության միջև իրական կապը։

Նշվում է նաև, որ քաղաքացիությունը չի սահմանափակվում միայն իրավական կապով, այլ ենթադրում է նաև քաղաքական կյանքին մասնակցություն և պետության հետ բովանդակային ներգրավվածություն։ Այդ տրամաբանությամբ առաջարկվում է, որ ընտրություններին մասնակցեն այն քաղաքացիները, որոնց համար պետությունը հանդիսանում է հիմնական շահերի կենտրոն, և ովքեր պատրաստ են կրել պետական որոշումների հետևանքները։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ առաջարկվող կարգավորումները կապահովեն ժողովրդաիշխանության իրացման ավելի միասնական համակարգ՝ երաշխավորելով ընտրական գործընթացներում այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ իրական և գործնական բնույթ ունի։

Leave a Comment