Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Նախաձեռնությունը մշակվել է՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «ծնողական ժամ» հոդվածի սահմանմանը, որի դեպքում ծնողը կարող է բացակայել աշխատանքից եւ վարձատրվել:

«Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն մինչեւ տասներկու տարեկան մեկ եւ երկու երեխա, 1 ժամ կարող են բացակայել այն ծնողներ, որոնք ունեն երեք եւ ավելի երեխաներ»,- տեղեկացրել է փոխնախարարը: Նրա խոսքով հաշմանդամություն ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաների ծնողները՝ անկախ երեխայի կարգաթվից, կարող են մեկ ժամ բացակայել աշխատանքից եւ վճարվել իրենց միջին հիմնական աշխատավարձով:

Գլխադասային՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: Նրա խոսքով «ծնողական ժամից» կարող են օգտվել երեխայի ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախաձեռնությունը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Առաջարկվում է արգելել խաղալ օնլայն կազինոներում բոլոր այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում եւ աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հեղինակի խոսքով ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել անձանց խաղային կախվածությունից եւ նվազեցնել այն սոցիալական աղետը, որն այսօր ստեղծված է օնլայն կազինոների հետեւանքով:

Նախաձեռնությունները քննարկվել են հունիսի 16-ի Ազգային ժողովի նիստում:

Leave a Comment