Իշխող ուժը չունի բավարար մանդատ, որ անցկացնի սահմանադրական հանրաքվե․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել է ՔՊ-ի՝ սահմանադրական հանրաքվե անցկացնելու հնարավորության բացակայության մասին։

«Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի անգամ այսքան ապօրինություններից, ընտրակեղծիքներից, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի, 50 000 ձայների գողությունից հետո իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմադրական հանրաքվե Ալիևի պահանջով»,- ասել է նա իր հրապարակած տեսանյութում։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Հունիսի 9-ին մոտ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում է  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Leave a Comment