ԱԺ ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերն արդեն հայտարարել են քվեարկության արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու մասին։
Radar Armenia-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցով ՍԴ դիմելու ընթացակարգը։
Եւ այսպես, այս հարցը կարգավորված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Ըստ օրենքի 77-րդ հոդվածի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեն ընտրություններին մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։
Դիմումի պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, քանի որ հենց այդ մարմինն է ամփոփում և հրապարակում ընտրությունների վերջնական արդյունքները։
Օրենքը նախատեսում է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ հինգերորդ օրը, մինչև ժամը 18:00-ն։ Նույն կարգավորումը ամրագրված է նաև Ընտրական օրենսգրքում։
Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել և հրապարակել է 2026 թվականի հունիսի 14-ին, ապա բողոքարկման վերջնաժամկետը կլինի հունիսի 19-ը, ժամը 18:00-ն։ Այսինքն՝ մինչև ուրբաթ օրը ժամը 18։00-ն ընտրություններին մասնակից ուժերը կարող են դիմել ՍԴ։
Օրենքը նախատեսում է, որ այս գործերը քննվում են բանավոր ընթացակարգով։
Իսկ վերջնական որոշում Սահմանադրական դատարանը պարտավոր է ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սա նշանակում է, որ եթե ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը ներկայացվի վերջին օրը, ապա Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի առավելագույնը մինչև հուլիսի 4-ը ներառյալ։
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի որոշումը,
անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
անվավեր ճանաչել արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ,
որոշ դեպքերում նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Նշենք, որ ՍԴ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն։
