Վանաձորի բնակիչների խոսքով Փամբակի տարածքում անհետացած մանկահասակ երեխաները կարող էին Փամբակ գետն ընկնել Նարեկացի փողոցի մոտ գտնվող հին խողովակով անցնելիս։
Քաղաքացիներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ խողովակը գետի վրա մնացել է դեռ 1980-ականների վերջից՝ երկրաշարժից հետո կիսատ մնացած կամրջի շինարարությունից հետո, և տարիներ շարունակ օգտագործվել է որպես անցում։ Նրա խոսքով՝ այդ հատվածում նախկինում ևս մարդիկ են ընկել գետը, այդ թվում՝ երեխաներ, գրանցվել են նաև մահվան դեպքեր։
Մեկ այլ բնակիչ հայտնել է, որ դեպքից հետո թաղամասի բնակիչները միացել են որոնողական աշխատանքներին և փրկարարների հետ ամբողջ գիշեր որոնումներ են իրականացրել գետի երկայնքով, սակայն ապարդյուն։
Նա նշել է, որ սկզբում տեղեկություն ունեին միայն մեկ երեխայի մասին, ավելի ուշ են պարզել, որ երկրորդ երեխան ևս չկա։
ՆԳՆ-ն հայտնել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ մեծ թվով փրկարարների և ոստիկանների ներգրավմամբ։ Վաղ առավոտից որոնողական աշխատանքներին ներգրավել են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
