Թափոնների վերամշակման ոլորտին հարկային նոր արտոնություններ են նախատեսվում

Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում են հարկային և տնտեսական խթաններ թափոնների հավաքման և վերամշակման ոլորտում։

Նախագծի հիմնական նպատակն է զարգացնել կենցաղային և արտադրական թափոնների վերամշակման համակարգը, խթանել երկրորդային հումքի օգտագործումը և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։

Ըստ հիմնավորման՝ Հայաստանում ոլորտը դեռևս բավարար չափով զարգացած չէ, և զգալի քանակությամբ թափոններ դուրս են մնում տնտեսական շրջանառությունից։ Մասնավորապես՝ պլաստիկ, թուղթ, էլեկտրոնային և տեքստիլ թափոնները հաճախ չեն վերամշակվում և վերածվում են աղբի՝ առաջացնելով բնապահպանական խնդիրներ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս թափոնների հավաքման և վերամշակման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում դեռևս բավարար մակարդակով զարգացած չէ, քանի որ հիմնականում իրականացվում է միայն որոշ տեսակների՝ առավելապես սև և գունավոր մետաղների թափոնների հավաքում և վերամշակում։

Միաժամանակ, ոլորտում արդեն ձևավորվել են մի շարք կազմակերպություններ, որոնք ապահովում են արտադրական ամբողջ արժեշղթան՝ թափոններն օգտագործելով որպես երկրորդային հումք։ Այս իրավիճակին նպաստել է այն հանգամանքը, որ տվյալ թափոնները հիմնականում առաջանում են շինարարության և արտադրության ոլորտներում (դրանք հանդիսանում են շինարարական և արտադրական թափոններ)։

Սակայն ներկայումս առկա են նաև զգալի ծավալով կենցաղային թափոններ, որոնք կարող են վերամշակվել և օգտագործվել որպես երկրորդային հումք՝ նոր արտադրատեսակների արտադրության նպատակով։ Այդպիսի թափոններ են՝ պլաստիկ իրերի և տարաների թափոնները, թուղթը և թղթե թափոնները, էլեկտրոնային թափոնները, հագուստի թափոնները (ինչպես նաև տեքստիլ հումքի թափոնները, որոնք հիմնականում կարող են առաջանալ արտադրական գործընթացում) և այլն։ Վերոգրյալ կենցաղային թափոնները հիմնականում հավաքվում են ֆիզիկական անձանց կողմից և վաճառվում են վերամշակող կազմակերպություններին։

Միաժամանակ, հանրապետությունում այս գործընթացը դեռևս բավարար չափով կազմակերպված չէ, ինչի հետևանքով զգալի քանակությամբ թափոններ վերածվում են աղբի՝ առաջացնելով բնապահպանական խնդիրներ և չներգրավվելով տնտեսական շրջանառության մեջ։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված վերամշակող հզորությունների զարգացմանը, հավաքման ենթակառուցվածքների ձևավորմանը, հանրային վարքագծի փոփոխությանը և ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես՝ հարկային քաղաքականության շրջանակում, քանի որ շատ դեպքերում նշված թափոնների ներկրումն ու վերամշակումը այլ երկրներից տնտեսապես դառնում է ավելի արդյունավետ։

Հատկապես, ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից թափոնների հավաքումը և վաճառքը վերամշակող կազմակերպություններին դիտարկվում է որպես այդ ֆիզիկական անձի գույքի օտարում։ Հարկային օրենսդրության համաձայն՝ այն չի դիտարկվում որպես նվազեցվող եկամուտ և հարկվում է 10% դրույքաչափով, իսկ եթե այդ օտարման գործընթացը օրենսդրության սահմանված կարգով փաստաթղթավորված չէ, ապա՝ 20% դրույքաչափով։

Հարկ է նշել, որ այդ հարկային պարտավորությունը ֆիզիկական անձի փոխարեն վճարում է ձեռքբերողը՝ հանդիսանալով հարկային գործակալ։ Այս պարագայում ձեռքբերվող թափոնի համար ձեռքբերողը կամ պետք է ընդունման արժեքից նվազեցնի հարկի գումարը, կամ պետք է այդ արժեքին ավելացնի գումար՝ որպեսզի կատարի այդ հարկային պարտավորությունը։ Առաջին դեպքում դա նվազեցնում է ֆիզիկական անձի մոտ հավաքելու և հանձնելու շահագրգռվածությունը, իսկ երկրորդի դեպքում՝ բարձրացնում է թափոնի արժեքը և այն դարձնում ոչ մրցունակ, ինչը շատ դեպքերում փոխարինվում է ներկվող թափոնով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանել, որ թափոնի օգտագործումից ստացվող եկամուտը դիտարկվի որպես նվազեցվող եկամուտ։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է հարկային արտոնություն տրամադրվի (շահութահարկ վճարողների համար համախառն եկամտից նվազեցում նախատեսվի) այն տնտեսավարողների համար, որոնք իրենց արտադրական գործունեության նպատակով ձեռք կբերեն ու կօգտագործեն հանրապետության տարածքում առաջացած և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 136-Ն որոշմամբ սահմանված երկրորդային հումքի ցանկում թվարկված հումքը կամ թափոնները։ Հումքի կամ թափոնների ձեռքբերման և արտադրական նպատակով փաստացի օգտագործման փաստաթղթավորումն ու ծախսերի անկանխիկ եղանակով կատարումը կկանխի հարկման ենթակա ծավալների և գումարների վերաբերյալ տվյալների թաքցնելու ռիսկը՝ ապահովելով դրանց նկատմամբ լիարժեք հսկողություն։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակը թափոնների հավաքման և վերամշակման ոլորտի տնտեսական խթանումն է՝ հարկային վարչարարության պարզեցման և լրացուցիչ ֆինանսական բեռի նվազեցման միջոցով։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա բարձրացնել ֆիզիկական անձանց մասնակցությունը թափոնների հավաքման գործընթացին, խթանել տեղական վերամշակող արդյունաբերության զարգացումը, մեծացնել երկրորդային հումքի օգտագործման ծավալները և նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։

Միաժամանակ, կարգավորումը կնպաստի շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը, ներմուծվող հումքից կախվածության նվազեցմանը, ինչպես նաև նոր տնտեսական ակտիվության ձևավորմանը՝ վերամշակման և հարակից ոլորտներում։

Նախագծով նախատեսվող խթանող մոտեցումը միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում կարող է ապահովել նաև լրացուցիչ հարկային մուտքեր՝ պայմանավորված արտադրության, իրացման և զբաղվածության ծավալների աճով։

Տվյալբնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է տնտեսավարող սուբյեկտների համար հավասար և բարենպաստ մրցակցային պայմանների ապահովմանը, վերամշակման արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանմանը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների, վերամշակման գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքներով։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

  • թափոնների հավաքման և վերամշակման գործընթացների ակտիվացում,
  • վերամշակող արդյունաբերության զարգացման խթանում,
  • գործարար և ներդրումային միջավայրի բարելավում,
  • երկրորդային հումքի տեղական շուկայի ընդլայնում,
  • շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում,
  • նոր տնտեսական հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծում,
  • տնտեսավարող սուբյեկտների ծախսերի կրճատում և մրցունակության բարձրացում։

Միաժամանակ, ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կնպաստի շրջանառու տնտեսության սկզբունքների ներդրմանը և բնական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթծրագիրոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2 «Տնտեսություն» բաժնի  «Մշակող արդյունաբերություն» ու «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» ենթաբաժիններում ամրագրված ՀՀ կառավարության ստանձնած հանձնառություններից։

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ բարելավվելու  է վերամշակման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործարար միջավայրը՝ նվազեցնելով հարկային լրացուցիչ բեռը և խթանելով տեղական երկրորդային հումքի օգտագործումը։ Կարգավորումը կնպաստի վերամշակող արդյունաբերության զարգացմանը, արտադրական արժեշղթաների խորացմանը և տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը՝ նվազեցնելով ներմուծվող հումքից կախվածությունը։

Leave a Comment