Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում


Հայաստանի Հանրապետությունում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար:


 


Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում՝ անդրադառնալով ազգային և տեղական մակարդակներում առկա խնդիրներին՝ միաժամանակ ծրագրի երկու պիլարներով:


 


Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հունիսի 15-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


 


Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին:


 


Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում»/WAIDA (որը ներառում է նաև «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավմա» ծրագիրը/WISE) ջրային ծրագրի իրականացման նպատակով վարկային միջոցների տրամադրում:


 


Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով՝ ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր, խորհրդատվական ծառայություններ:


 


Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա:


 


Զեկուցողի տեղեկացմամբ՝ ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից, որը փոխանցվելու է երեք տրանշով:


 


Առաջին՝ ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո:


Երկրորդ՝ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո:


Երրորդ՝ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման» ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:


WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:


 


Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:


 


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:


 



 


 

Leave a Comment