ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքն ավարտված է․ Թրամփ – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Շվեյացրիայում, հայտնում է Independent-ը։

«Այս մեծ գործարքը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին»,— Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ գործարքի ստորագրումից հետո կբացվի Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն կդադարեցնի իրանական նավահանգիստների ռազմածովային արգելափակումը։

«Ուրբաթ գործարքի ստորագրմամբ նեղուցի բացման արդյունքում, ականազերծման նպատակով, նավթը կրկին կհոսի տարածաշրջանի և աշխարհի համար երկու ուղղություններով» », —գրել է Թրամփը։

Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 4,6%-ով՝ հասնելով $83.61-ի, իսկ ամերիկյան West Texas Intermediate-ը՝ ավելի քան 4,85%-ով՝ հասնելով $80.76-ի։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ հուշագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, իսկ ԱՄՆ-ի սահմանած արգելափակումը պետք է վերացվի 30 օրվա ընթացքում։ Վաշինգտոնը չի սահմանի նոր պատժամիջոցներ Իրանի դեմ, ինչպես նաև նախապես համաձայնեցված ժամկետներում կչեղարկի գործող սահմանափակումները, կազատի Իրանի $25 մլրդ-ի ակտիվները և իր դաշնակիցների հետ կմշակի Իրանի վերականգնմանն ուղղված ծրագիր։

Իրանն իր հերթին պարտավորվում է չբարձրացնել ուրանի հարստացման մակարդակը և նոսրացնել առկա պաշարները՝ պահպանելով համաձայնեցված սահմանաչափերը։ Ծրագրի մանրամասները պետք է քննարկվեն առաջիկա 60 օրվա ընթացքում։

The Guardian-ը, հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիին, հայտնում է, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների «անհապաղ և մշտական դադարեցում» բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։

«Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին», — գրել է X-ում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Շարիֆը հունիսի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, վերջնականապես կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Սակայն նույն օրը Թեհրանի գլխավոր բանակցողներից և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել էր, որ Բեյրութի վրա Իսրայելի հարվածները ցույց են տվել, որ «Ամերիկան կամ չունի իր պարտավորությունները կատարելու կամք, կամ չունի դա անելու կարողություն»՝ զգուշացնելով, որ այդ հարվածները կարող են վտանգել բանակցությունները։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին , որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։ Հունիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք։

Leave a Comment