Դիլիջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Անվտանգության խորհուրդը։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment