Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Պետական վերահսկողական ծառայության կողմից մշակված «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթը։ Նախագծով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը հիմնականում պայմանավորված է Պետական վերահսկողական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված նոր՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթի իրականացման շրջանակներում առաջացած որոշակի խնդիրների՝ պայմանավորված «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգավորումների՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում կիրառելի չլինելու, Սահմանադրական դատարանի սույն թվականի մարտի 24-ի ՍԴՈ-1822 որոշմամբ Օրենքի՝ ՏԻՄ-երի և համայնքային հիմնարկների նկատմամբ վերահսկողություն սահմանող նորմերի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչելու հանգամանքներով:
Առաջարկվող կարգավորման բնույթը
2.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը սահմանում է պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության հասկացությունը, համաձայն որի՝ հսկվող օբյեկտ կարող են լինել պետական կառավարման համակարգի մարմինները, մինչդեռ բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունն առանց դրանց ենթակա կազմակերպություններում հսկողություն իրականացնելու հնարավոր չէ ամբողջական և համապարփակ պատկեր ունենալու տեսանկյունից: Ուստի, նախագծով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմիններից բացի լրացնել նաև դրանց ենթակա կազմակերպությունները և հիմնարկները:
2.2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում սույն օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
Հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի կարգավորման առարկան սահմանող 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության և քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:
Ընդ որում՝ օրենքն ամբողջությամբ կառուցված է տնտեսավարող սուբյեկտի գործունեության նկատմամբ ստուգումների իրականացման տրամաբանությամբ, և պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների (այդ թվում՝ հիմնարկների) գործունեության ստուգումների իրականացումը չի կարգավորվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, ավելին կիրառելի չէ, և առաջացնում է մի շարք խնդիրներ, որպիսի պայմաններում նախագծով առաջարկվում է Օրենքով նախատեսված բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումներն իրականացնել Օրենքով սահմանված կարգով:
Նշվածով պայմանավորված` Նախագծով առաջարկվում է Օրենքը և հարակից օրենքները լրացնել ստուգումների իրականացման հետ կապված հարցերը կարգավորող նորմերով:
2.3. Ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների ամբողջական և առավել արդյունավետ իրականացման նպատակով շատ հաճախ, օրինակ՝ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ վերահսկողության կամ ստուգման իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում տիրապետել օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տվյալների, այդ նպատակով նախագծերի փաթեթով նաև առաջարկվում է Ծառայությանն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում և սահմաններում դրանց հասանելիություն:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը բանկային գաղտնիք համարվող տվյալների՝ Ծառայությանը հասանելի դարձնելու վերաբերյալ նշել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարևորում է պետական միջոցների կառավարման, դրա օրինականության ու արդյունավետության նկատմամբ Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողական առաքելությունը։ Ավելին, գտնում ենք, որ պետական կառավարման համակարգի մարմիններում, տարածքային կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում վերահսկողական առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Պետական վերահսկողական ծառայությունը պետք է ունենա բավարար գործիքակազմ, այդ թվում, օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում հասանելիություն անհրաժեշտ տեղեկատվությանը։»:
Միաժամանակ, հարկ է նշել, որ Արդարադատության նախարարությունը Ծառայության համար հանդիսանում է վերահսկվող և ստուգվող օբյեկտ, որպիսի պայմաններում վերջինիս գործողություններին գնահատական տալու համար անհրաժեշտ է ստանալ ամբողջական հասանելիություն այն բոլոր տվյալներին, որոնք հասանելի են նաև վերջինիս՝ իր իրավասությունների շրջանակներում: Նման պայմաններում նոտարական գաղտնիք համարվող տվյալներին հասանելիություն չունենալը սահմանափակում է նոտարների գործունեության նկատմամբ նախարարության գործողությունների օրինականության կամ արդյունավետության գնահատումը
Միաժամանակ, բժշկական գաղտնիք համարվող տվյալներին հասանելիություն է անհրաժեշտ տալ նաև Ծառայության կողմից իրականացվող ստուգումների շրջանակներում, որպիսի պայմաններում առաջարկվում է փոփոխություն կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող են տրամադրվել նաև Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ստուգումների իրականացման շրջանակներում։
Անհրաժեշտություն է առաջացել Ծառայությանն իր լիազորությունների շրջանակում հասանելիություն տալ նաև առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտներում գաղտնի տեղեկություններին, որով պայմանավորված փոփոխություն է առաջարկվում կատարել նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում:
2.4. Նախագծով Ծառայությանը վերապահվել է նոր գործառույթ, այն է՝ Ծառայության կողմից կարող են իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառություններից բխող և սույն օրենքով չնախատեսված այլ գործառույթներ, ինչը բխում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարից 2026 թվականի մայիսի 6-ի թիվ 05/61.3/14935-2026 գրությունից և դրանում նշված գործառույթի իրականացման անհրաժեշտությունից, մասնավորապես՝ «Հաշվի առնելով, որ Ծառայությունը Վարչապետի հանձնարարությամբ (№ 02/07.23/14651-2026) մշակում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով իրավական ակտի նախագիծ՝ խնդրում եմ համապատասխան նախագծում նախատեսել նաև «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021-2027թթ. դրամաշնորհային ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրով ամրագրված ազգային վերահսկողի (National Controller) պարտականությունները ստանձնելու և իրականացնելու լիազորությունը։»:
2.5. Նախագծով նաև առաջարկվում է Ծառայության ղեկավարը վերապահել իրավասություն Ծառայությանը հասցեագրված դիմումների քննարկման կարգ սահմանելու՝ նկատի ունենալով, որ այդ հարաբերությունները կարգավորված չեն, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված՝ դիմումի հիման վրա վարույթի հարուցման վերաբերյալ կարգավորումները համադրելի չեն Ծառայությանը վերապահված վերահսկողական և հսկողական գործառույթների հետ:
2.6. Նախագծով առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ստուգումների արդյունքում տրված հանձնարարականների՝ որպես վարչական ակտի չկատարման համար:
Միաժամանակ, վերը նշված փոփոխությունները հանգեցնելու են նաև հարակից այլ օրենքներում փոփոխություններ անելու անհրաժեշտության, որպիսի հանգամանքով պայմանավորված փոփոխություններ են կատարվել նաև հարակից այլ օրենքներում:
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին վերապաhված վերահսկողական լիազորությունների իրականացման միջոցով պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկումը, հնարավոր չարաշահումների բացահայտումը, կանխումը դարձնել առավել արդյունավետ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից:
Բյուջետային ազդեցություն
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
«Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,-տեղեկացնում է Iravaban.net-ը։