Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների ընտանիքները կստանան կերակրողին կորցնելու կենսաթոշակ և նպաստ

Iravaban.net-ը ուսումնասիրել է  e-draft.am հարթակում հանրային քննարկման  ներկայացված նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ և նպաստ նշանակելու կարգը։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Ներկայացվող նախագծի նպատակը 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-88-Ն և 01.05.2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-89-Ն օրենքի կիրարկումն ապահովելն է:

«Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է վարչապետի 05.06.2026 թիվ 493-Ա որոշմամբ։ 

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

Վերը նշված օրենքներով կատարված փոփոխությունների համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ունեն նաև ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամները, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող:

Երկու օրենքներով էլ նախատեսվել է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց (01.05.2026) հետո՝ եռամսյա ժամկետում:

Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված են աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

Ըստ այդմ, անհրաժեշտ է օրեսդրությամբ սահմանել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամներին կարող է նշանակվել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։ 

Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կամ  կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, այն է՝ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը։

Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի 2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-88-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի և 01.05.2026 թվականի մայիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-89-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին կիրարկումը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6 -րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:

Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների և ծախսերի վերաբերյալ

Նախագծի ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա կամ նվազի։

Շահառուների թիվը կանխատեսելի չէ։ Փոքր ծավալի ծախսերը հնարավոր կլինի ֆինանսավորել սոցիալական ապահովության ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

Leave a Comment