«Կեղծ», «մասամբ՝ արդար», «ՀՀ-ի մահապատիժն էր»․ քաղաքացինները՝ ընտրությունների մասին

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել։

Գործող իշխանությունը 20% ձայների հաշվարկից հետո իրեն հաղթող է հայտարարել, իսկ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել են վերահաշվարկել արդյունքները՝ մատնանշելով բազմաթիվ ընտրախախտումները և ճնշումները։ «Ուժեղ Հայաստան»-ն ու «Միասնության թևեր»-ը նաև դիմել են ԿԸՀ՝ ընտրության արդյունքներն առհասարակ չեղարկելու պահանջով։

Իսկ արդյունքներն ամփոփելուց հետո «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու քվեարկության արդյունքները։

Այս ընտրություններին, 2021 թվականի համեմատ, քաղաքացիների մասնակցությունն զգալի շատ է՝ 58,94%։ Նախորդ ընտրությունների համեմատ 6 անգամ աճել է նաև անվավեր ընտրաթերթիկների թիվը, ինչը քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանել՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը։

Երե՞ք, թե՞ չորս քաղաքական ուժ կանցնի Ազգային ժողով, ցույց կտան վերջնական արդյունքները, որոնք կհրապարակվեն հունիսի 14-ին։ Մինչ այդ քաղաքական ուժերը հետևում են վերահաշվարկին։

Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե քաղաքացիները մասնակցե՞լ են ընտրություններին և արդյոք գո՞հ են արդյունքներից։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ ոչ միայն բուն ընտրությունները, այլև նախընտրական շրջանն ուղեկցվել են խախտումներով, ճնշումներով և վարչական ռեսուրսի կիրառմամբ։

«Ընտրություններն արդար չէին, և դա երևում էր հենց սկզբից։ Մարդիկ մեր երկրի մահապատիժն ստորագրեցին»,- կարծիք է հայտնել քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի դժվարացել է որակել, թե ինչպիսին էին ընտրությունները և դժգոհություն է հայտնել գործող իշխանության ղեկավարի վարած քաղաքականությունից։

«Այս մարդը պառակտում է ազգը, ատելության խորհրդանիշ է դարձել, նստած է թույն ու թարախի վրա, նա պիտի գնա, որ ժողովուրդը խաղաղվի»,- կարծիք է հայտնել մյուս քաղաքացին։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկն ընտրությունների արդյունքները կասկածելի է համարել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան հաշվարկի ավարտն արդեն հայտարարել էր իրենց ուժի հաղթանակի մասին։

«2005 ընտրական տեղամասերի 10%-ն ստուգելուց հետո, երկրի, այսպես կոչված, ղեկավարը հայտարարում է, որ շնորհավորե՛ք, ես ընտրվել եմ։ Կեղծ է, անօրեն։ Ներկայիս իշխանությանը չեմ ընդունում ու չեմ էլ ընդունել 8 տարի»,- հայտարարել է քաղաքացին։

Քաղաքացիներից քչերն են ընտրությունները լիովին կամ մասամբ արդար համարել։ 

«Ընտրություններն արդար էին այնքանով, որքանով հնարավոր էր ՀՀ-ի համար»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment