Հնդկաստանի հյուսիս-արևելքում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) Ան-32 օդանավի վթարի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող։ Այս մասին X-ում հայտնել է Հնդկաստանի ՌՕՈւ մամուլի ծառայությունը։ «The Economic Times»-ը հայտնում է, որ երկրորդ օդաչուն ողջ է մնացել և այժմ հոսպիտալացված է։
«Էսկադրիլիայի հրամանատար Պրաշանտ Սինգհը, լեյտենանտ Շուբհամ Կումարը, սերժանտ Ջիտենդրա Շարման, վերապատրաստվողներ Խեմարամ Կումավատն ու Դանիյալ Ալամն իրենց պարտքը կատարելիս գերագույն զոհաբերություն են մատուցել։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերն իրենց խորին ցավակցությունն են հայտնում զոհվածների ընտանիքներին և վշտի այս ժամին հաստատապես կանգնած են նրանց կողքին»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Այսօր Հնդկաստանի ՌՕՈւ Ան-32-ը վթարի է ենթարկվել Ասամ նահանգի Ջորհաթ քաղաքի ավիաբազայում վայրէջք կատարելիս։ Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է, հայտնել են ՌՕՈւ ներկայացուցիչները։
