ԿԿՀ-ն մերժել է քաղաքացու դիմումը՝ նախագահի կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու վերաբերյալ վարույթ հարուցելու վերաբերյալ

2026 թվականի հունիսի 1-ին քաղաքացի Դավիթ Տուրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է մուտքագրել դիմում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից վարքագծի առերևույթ խախտում թույլ տալու վերաբերյալ։

Դիմումում քաղաքացին նշել է, որ 2026 թվականի մայիսի 28-ին անցկացված զորահանդեսի ընթացքում նախագահը կրել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան, ինչն իր խոսքով ասոցացվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և կուսակցության կողմից որդեգրված Իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։

Քաղաքացին նշել է նաև, որ Սահմանադրությունից բխում է, որ նախագահը պարտավոր է լինել անաչառ, այսինքն՝ չպետք է հանդիսանա որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ աջակցի որևէ քաղաքական ուժի։ Դիմումատուն նշել է, որ նախագահի կողմից վերոնշյալ կրծքանշանը կրելը կարող է հակասել նշված սկզբունքին, ուստի դիմել է դեպքը քննության առնելու և խախտումը հաստատելու դեպքում նախագահ Վահագն Խաչատուրյանի նկատմամբ վարչական սանկցիա կիրառելու պահանջով։

Դիմումի մերժումը և Հանձնաժողովի հիմնավորումը

Հանձնաժողովը հունիսի 8-ին որոշում է կայացրել դիմումը մերժելու վերաբերյալ՝ նշելով հետևյալը․

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնը պետական քաղաքական պաշտոն է։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Հանձնաժողովը քննում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների հնարավոր խախտումները։

Միևնույն ժամանակ նախատեսված են որոշ բացառություններ, սակայն Հանրապետության նախագահի պաշտոնը դրանց թվում չի ընդգրկվում։

Հանձնաժողովը նաև նշել է, որ նախագահի գործողությունների սահմանադրական գնահատումը չի գտնվում իր լիազորությունների շրջանակում։ Այդ հարցերով իրավասու մարմինը Սահմանադրական դատարանն է՝ Ազգային ժողովի դիմումի հիման վրա։

Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ իր եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով, իսկ չբողոքարկված վարչական ակտը համարվում է իրավաչափ։

Բացի այդ, Հանձնաժողովը նշել է, որ Հանրապետության նախագահի գործողությունները տվյալ դեպքում կատարվել են պաշտոնական պարտականությունների շրջանակում, քանի որ նա մասնակցել է զորահանդեսին ի պաշտոնե։ Այդ պատճառով այդ գործողությունները չեն կարող դիտարկվել որպես վարքագծի կանոնի խախտման առարկա։

Վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը եկել է եզրահանգման, որ տվյալ հարցի քննությունը դուրս է իր իրավասությունից և չի կարող հարուցել վարույթ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համապատասխան հոդվածներով Հանձնաժողովը որոշել է մերժել դիմումի հիման վրա վարույթի հարուցումը։

Leave a Comment