Հունիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում նոր քրեական գործ է ստացվել մի քանի անձանց նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, օժանդակության և փողերի լվացման մեղադրական եզրակացությամբ։ Գործը նույն օրը մակագրվել է և հանձնվել Հակակոռուպցիոն դատարանի քննությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը
Գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝ Արման Ռոլանդի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վազգեն Կարապետյանի հետ օժանդակել է Գարիկ Մհերյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք հափշտակելուն, ապա Վազգեն Կարապետյանի հետ նպատակ ունենալով քողարկելու խարդախության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, այն օրինականացրել են տարբեր անձանց անուններով:
Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արման Վարդանյանի հետ օժանդակել է Գարիկ Մհերյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք հափշտակելուն, ապա Վազգեն Կարապետյանի հետ նպատակ ունենալով քողարկելու խարդախության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, այն օրինականացրել են տարբեր անձանց անուններով:
Հայկազ Ֆահրադի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գարիկ Մհերյանի հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ` 51.886.590 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք:
Գարիկ Գագիկի Մհերյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի ղեկավարի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 07-553 Ա, 2009 թվականի օգոստոսի 21-ի թիվ 09267 Ա, 2013 թվականի օգոստոսի 26-ի թիվ 375-Ա և նույն թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 542-Ա հրամաններով համապատասխանաբար զբաղեցնելով Կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գրանցման բաժնի առաջատար օպերատորի, նույն տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետի, Կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնները, իր աշխատանքային գործունեության ընթացքում ծանոթացել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման գործընթացին, իրավունքի պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկին, այդ գործընթացում փաստաթղթաշրջանառության ձևին, ինչպես նաև կադաստրային գործերի կազմման կարգին, միաժամանակ մտերիմ հարաբերություններ է ձևավորել Կոմիտեի այլ վերոհիշյալ անձանց հետ, որպիսի պայմաններում իր պաշտոնատար և հմտություններն օգտագործելով` Հայկազ Ֆահրադի Աբրահամյանի հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 51.886.590 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ գույք։
Մեղադրական հոդվածները և խափանման միջոցը
Արման Վարդանյանին և Վազգեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 հոդվածի 3-րդ մասով, 46-255 հոդվածի 3-րդ մասով, 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 296 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Հայկազ Աբրահամյանին և Գարիկ Մհերյանին մեղադրանք է առաջադրվել 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 46-255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Որպես խափանման միջոց Արման Վարդանյանի նկատմամբ կիրառվել է գրավը, Վազգեն Կարապեյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, Հայկազ Աբրահամյանի նկատմամբ՝ բացակայելու արգելք։ Գարիկ Մհերյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։
Գործի հետագա ընթացքը
Գործը հունիսի 12-ին մակագրվել է դատավոր Վարդգես Արամի Ստեփանյանին։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում գործի վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ տվյալներ այս փուլում հրապարակված չեն։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողները կամ մեղադրվողները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։