Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են փոփոխվող տարածաշրջանային ու գլոբալ իրողություններին վերաիմաստավորման և հարմարվողականության փուլ, Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ այդ աշխատանքը վարել կառուցողական և փոխշահավետ հունով՝ օգտագործելով համագործակցության գործող երկկողմ մեխանիզմները։
«Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է այդ համատեղ աշխատանքը վարել կառուցողական, փոխշահավետ հունով»,- հայտարարել է Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։
«Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ վնաս չի հասցնի մեր երկկողմ կապերին և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը նաև Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բազմադարյա կապերը, միջանձնային շփումները և համատեղ պատմությունը անվանել է «երկկողմ հարաբերությունների կարևորագույն հիմք»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում բնակվում է մեծ հայկական սփյուռք։
Դեսպանի խոսքով՝ ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական մեխանիզմների, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի և պայմանագրաիրավական հիմքի վրա։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում, առաջատար է դրամական փոխանցումների ծավալով և հանրապետություն այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվով։ Ռուսական կապիտալով ընկերությունները մտնում են երկրի խոշորագույն հարկատուների շարքում։
Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Կոպիրկինը Ռուսաստանը անվանել է տարածաշրջանի պատմականորեն անքակտելի մաս և հայտարարել Մոսկվայի պատրաստակամության մասին՝ նպաստելու տարածաշրջանի պետությունների կայունության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և տրանսպորտային փոխկապակցվածությանը։
«Վստահ եմ, որ այս հարցում մեր շահերը լիովին համընկնում են Հայաստանի ազգային շահերի հետ»,- նշել է նա։
Խոսելով միջազգային իրավիճակի մասին՝ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ գլոբալ գործընթացների առանցքային մասնակիցներից մեկը և հանդես է գալիս բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է պետությունների իրավահավասարության, միջազգային իրավունքի պահպանման և տարբեր քաղաքակրթությունների շահերի նկատմամբ հարգանքի վրա։
Դիվանագետի խոսքով՝ գլոբալ կայունությունը կարող է ապահովվել միայն փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման հիման վրա։
Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում հակամարտությունները նպաստում են միջազգային լարվածության աճին։ Առանձին Կոպիրկինը հիշատակել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն ռիսկեր է ստեղծում համաշխարհային լոգիստիկայի, առևտրի, էներգետիկ և պարենային անվտանգության համար։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների շրջափուլում։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։ Դիտեք նաև՝ Ծաղիկները սպասում են ընտրություններին Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին։
