Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նկատմամբ հարուցված վարույթի նյութերը և եզրակացրել, որ վերջինս խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված վարքագծի կանոնները։ Iravaban.net-ը տեղեկանում է ԿԿՀ-ից։
Վարույթը հարուցվել էր 2026 թվականի մարտի 12-ին՝ mediahub.am լրատվական կայքում հրապարակված նյութի հիման վրա։ Հրապարակմանը կից տեսանյութում արձանագրված էին Դավիթ Սարգսյանի և լրագրողների միջև տեղի ունեցած խոսակցությունները, որոնք դարձել էին հանձնաժողովի ուսումնասիրության առարկա։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված նյութերի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 25-ին Հովհաննավանքում լրագրողները հարցեր էին ուղղել Դավիթ Սարգսյանին՝ կապված նրա մասնակցության հետ այն պատարագին, որը մատուցվել էր կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամի՝ աշխարհիկ անունով Ստեփան Ասատրյանի կողմից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչ խորհուրդ ունի այդ օրը նրա համար, ինչին ի պատասխան Դավիթ Սարգսյանը հարցրել էր՝ արդյոք լրագրողը քրիստոնյա է, ապա նշել, որ աղոթքի եկած մարդուն նման հարցեր տալն անպատշաճ է։
Տեսանյութերում արձանագրվել է նաև լրագրողների և համայնքի ղեկավարի միջև սուր երկխոսություն։ Լրագրողներից մեկը բարձր տոնով հարցրել էր, թե արդյոք Դավիթ Սարգսյանը կմասնակցեր իր կողմից մատուցված պատարագին, ինչին վերջինս պատասխանել էր՝ պահանջելով իր հետ այդ տոնով չխոսել։ Հետագա խոսակցության ընթացքում լրագրողները շարունակել էին հարցեր ուղղել թե՛ եկեղեցական թեմաների, թե՛ համայնքի ղեկավարի վարքագծի վերաբերյալ, իսկ Դավիթ Սարգսյանը մի շարք դեպքերում պատասխանել էր կտրուկ և բարձր տոնով։
Հանձնաժողովն արձանագրել է, որ տվյալ իրադարձությունների ընթացքում լրագրողները նաև անդրադարձել են դեռևս 2021 թվականին հրապարակված տեղեկություններին, համաձայն որոնց՝ Դավիթ Սարգսյանն իր անձնական տվյալների ձևաթղթում սեռը նշելու հատվածում գրել էր «արու»։ Այդ առնչությամբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք նա սովորել է ճիշտ ձևակերպել տվյալը և կիրառել «արական» և «իգական» բառերը։
Ի պատասխան այդ հարցերի՝ Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, որ այնքան բան է սովորել, որ կարող է «դաստիարակել» և «սովորեցնել» իր զրուցակիցներին, ինչպես նաև նշել էր, որ ստացել է այնպիսի կրթություն, որի մակարդակին լրագրողները չեն կարող հասնել։
Վարույթի շրջանակում Հանձնաժողովը Դավիթ Սարգսյանին գրավոր առաջարկել էր ներկայացնել պարզաբանում քննարկվող հանգամանքների վերաբերյալ։ Չնայած նրան, որ համապատասխան գրությունը ստացվել էր, իսկ հետագայում նաև հեռախոսազրույցների միջոցով հիշեցվել էր պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտության մասին, համայնքի ղեկավարը վարույթի ընթացքում որևէ պարզաբանում չի ներկայացրել։
Իրավական գնահատական տալով դեպքին՝ Հանձնաժողովն անդրադարձել է արտահայտվելու ազատության սահմանադրական և միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված մոտեցումներին։ Արձանագրվել է, որ արտահայտվելու ազատությունը տարածվում է նաև այնպիսի արտահայտությունների վրա, որոնք կարող են անհանգստացնել, վիրավորել կամ սադրել, սակայն այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։
Հանձնաժողովն ընդգծել է նաև մամուլի առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակությունում՝ նշելով, որ լրագրողները կարող են բարձրացնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ սուր, քննադատական կամ որոշ դեպքերում սադրիչ ձևակերպումներով։ Ըստ հանձնաժողովի՝ կարգալույծ հռչակված հոգևորականի կողմից պատարագ մատուցելու հարցը, ինչպես նաև այդ պատարագին հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ էին, և լրագրողների հարցերը տեղավորվում էին այդ քննարկման շրջանակում։
Միաժամանակ հանձնաժողովը գնահատել է, որ լրագրողի կողմից հնչեցված՝ պատարագին մասնակցելու վերաբերյալ հարցը կարող էր ունենալ հեգնական կամ սադրիչ բնույթ, սակայն այն ուղղված չէր Դավիթ Սարգսյանին վիրավորելուն։ Այդ պայմաններում համայնքի ղեկավարի արձագանքը գնահատվել է անհամաչափ։
Հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ շփման ընթացքում կիրառել է ոչ պաշտոնական և կոպիտ հաղորդակցման ձևեր, «Դուք» դիմելաձևի փոխարեն օգտագործել է «դու»-ն, իսկ նրա տոնայնությունը, դեմքի արտահայտություններն ու կեցվածքը չեն համապատասխանել պաշտոնական և հարգալից հաղորդակցության պահանջներին։
Առանձին անդրադառնալով լրագրողների կրթության վերաբերյալ Դավիթ Սարգսյանի արտահայտություններին՝ հանձնաժողովը նշել է, որ դրանք կրել են վիրավորական բնույթ, քանի որ վերաբերում էին լրագրողների կրթական կարողություններին և պարունակում էին նրանց նվաստացնող գնահատականներ։ Ըստ հանձնաժողովի՝ այդ արտահայտություններն ունեցել են ոչ թե քննադատելու, այլ վիրավորելու նպատակ։
Ուսումնասիրության արդյունքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից խախտվել է վարքագծի կանոնագրքի 51-րդ կետով նախատեսված՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու պահանջը։
Հանձնաժողովը որոշել է արձանագրել Դավիթ Սարգսյանի կողմից վարքագծի կանոնի խախտման առկայությունը և եզրակացությունն օրենքով սահմանված կարգով ուղարկել համայնքի ղեկավարին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։