Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է սահմանել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեություն իրականացնող կազմակերպիչների կողմից վերահսկող մարմնին ամսական հաշվետվությունների ներկայացման նոր կարգը, ժամկետները, բովանդակությունն ու ձևերը։ Նախագծով նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ոլորտը կարգավորող երկու գործող կառավարական որոշումներ՝ դրանք համապատասխանեցնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նոր պահանջներին։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 15-րդ կետով։
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձեվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն և 2015 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է հաստատել`
1) Շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության մասին ամսական հաշվետվություն ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
3) Ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության մասին ամսական հաշվետվության ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի.
5) Բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) Բուքմեյքերային գործունեության կազմակերպման գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի.
Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն և 2015 թվականի ապրիլի 30-ի N 451-Ն որոշումները՝ հաշվի առնելով, որ դրանցով կարգավորվող հարաբերությունները վերանայվել և համապատասխանեցվել են Օրենքով սահմանված նոր իրավակարգավորումներին։
Նախագծով առաջարկվող կարգավորումներն ապահովում են Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը և ենթաօրենսդրական մակարդակում ամրագրում են հաշվետվությունների ներկայացման կարգի, ժամկետների, բովանդակության և ձևի վերաբերյալ միասնական, համակարգված և արդիականացված իրավակարգավորումներ։
Հետևաբար, իրավական կարգավորման ամբողջականության, իրավական որոշակիության և նորմատիվ իրավական ակտերի համակարգվածության սկզբունքների ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումները և դրանց փոխարեն սահմանել նոր կարգավորումներ, որոնք լիարժեքորեն արտացոլում են ոլորտի գործող օրենսդրական պահանջները և վերահսկողության ժամանակակից մեխանիզմները։Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա`
1) ապահովել վերահսկող մարմնի կողմից ոլորտի նկատմամբ շարունակական և
ռիսկահենք վերահսկողության իրականացում
2) ստանալ կազմակերպիչների գործունեության վերաբերյալ համադրելի և
միասնական ձևաչափով տեղեկատվություն,
3) բարձրացնել ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը,
4) ապահովել խաղային գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ձևավորումը,
5) ստեղծել իրավական և գործնական նախադրյալներ վերահսկողական միջոցառումների արդյունավետ իրականացման համար։
Նախագծի ընդունումը կհանգեցնի խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման, օրենսդրական կարգավորումների գործնական կիրառելիության ապահովման և վերահսկողական գործառույթների իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման։
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։