Ռադոնը և մարդու առողջություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ռադոնը բնականորեն առաջացող ռադիոակտիվ գազ է, որը ձևավորվում է ուրանի քայքայման արդյունքում հողում և ապարներում։ Այն անտեսանելի է, չունի հոտ, գույն կամ համ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Բաց տարածքներում ռադոնը արագ ցրվում է, սակայն փակ տարածքներում՝ հատկապես տներում և նկուղներում, կարող է կուտակվել և հասնել վտանգավոր մակարդակների։ Ռադոնը շենքեր է ներթափանցում հիմնականում հողի միջով՝ հատակի և պատերի ճաքերով, խողովակների անցքերով և այլ բացվածքներով։

Ռադոնը հանդիսանում է թոքերի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը։ Նրա վտանգավոր ազդեցությունը կապված է շնչառության ընթացքում թոքեր ներթափանցող ռադիոակտիվ մասնիկների հետ։

Այն կարող է հանդիպել նաև խմելու ջրում, հատկապես ստորերկրյա աղբյուրներից ստացված ջրում, սակայն մարդու օրգանիզմը հիմնականում ավելի մեծ չափաբաժին է ստանում ռադոնը շնչելով, քան ջրի միջոցով ընդունելով։

Ռադոնի մակարդակը կարելի է նվազեցնել դրա չափման, տարածքների լավ օդափոխության, շենքի ճաքերի և բացվածքների փակման, ինչպես նաև հատուկ տեխնիկական համակարգերի կիրառման միջոցով։ Ջրի դեպքում արդյունավետ են օդափոխման և ֆիլտրացման մեթոդները։

World Health Organization-ը խորհուրդ է տալիս վերահսկել ռադոնի մակարդակը և կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ մարդկանց առողջությունը պաշտպանելու համար։

Leave a Comment