Լուկաշենկո. ԱՄՆ-ն պետք է ավելի արագ գործի՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար

Իրանի հետ հակամարտության դադարեցման հարցում շատ բան կախված է Միացյալ Նահանգներից. Վաշինգտոնը պետք է ավելի արագ գործի։ Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բելառուսի առաջնորդին հարցրել են հակամարտության դադարեցման համար կողմերի ձեռնարկած քայլերի մասին. արդյոք Իրանը պետք է ավելի նախաձեռնողական գործի այս ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները Իսլամական Հանրապետության հասցեին՝ խաղաղ բանակցությունները հետաձգելու և գործընթացը սկսելու դժկամության մասին։

«Նախևառաջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ավելի արագ գործի, եթե օգտագործենք ձեր տերմինաբանությունը։ Եվ այս մասին Թրամփը և նրա մյուս խորհրդականները պետք է ավելի քիչ խոսեն։ Պետք է գործողություններ լինեն», – Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «БелТА» լրատվական գործակալությունը։ «Այս դեպքում շատ բան կախված է ոչ թե Իրանից, այլ Միացյալ Նահանգներից։ Օբյեկտիվորեն, Իրանի բոլոր դաշնակիցները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ճնշում են գործադրում Իրանի վրա։ Նրանք պարզապես Իրանին մղում են համաձայնության գալ, ինչպես Թրամփն է ասում, այս հակամարտությունը դիվանագիտորեն դադարեցնելու համար»։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ Իսլամական Հանրապետության շուրջ հակամարտությունը, ի տարբերություն ուկրաինական հակամարտության, շատ ուժեղ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության և մարդկանց կյանքի վրա: «Հետևաբար, խոսքը Իրանի մասին չէ: Իրանը պարզապես արձագանքում է Միացյալ Նահանգների գործողություններին, որոնք, առաջին հերթին, երկարաձգում են այս հակամարտությունը: Իրանցիները պարզապես գործում են. «Եթե դուք այսպես վարվեք, մենք էլ այսպես կվարվենք», – կարծում է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, սա միայն մակերեսային է երևում: «Մենք խորությունը չենք տեսնում, քանի որ չենք մասնակցում այս բանակցություններին: Եվ այս «ծածկոցի» տակ կարող են լինել տարբեր միտումներ: Եվ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն երբեմն առավոտյան մի բան է ասում, երեկոյան՝ մեկ այլ բան, դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում», – նշել է Բելառուսի նախագահը: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ օբյեկտիվ հանգամանքներն ու գործոնները մղում են ներգրավված կողմերին՝ ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին, դադարեցնել այս հակամարտությունը:

Leave a Comment