«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չավիին հեռացրել են ակումբի աստղերի մրցաշարի մասնակիցների ցանկից։ Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, որոշման պատճառը ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ ունեցած կոնֆլիկտն է։
Աղբյուրի համաձայն՝ Չավիի մերժման հիմքում ընկած է ընտրություններից առաջ ակումբի նախագահի հասցեին նրա կողմից հնչեցրած քննադատությունը։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչներն արդեն կապ են հաստատել նախկին կիսապաշտպանի գործակալի հետ և փոխանցել կոշտ ուղերձ. «Նրան այստեղ չեն սպասում, իսկ հանդիպումներին մասնակցելու նրա առաջարկը մերժված է»:
«Բարսելոնայի» աստղերի մրցաշարի շրջանակներում նախատեսվում է անցկացնել երկու ցուցադրական հանդիպում՝ Մայամիում և Սեուլում։ Նախնական ծրագրով Չավին պետք է խաղադաշտ դուրս գար իր նախկին թիմակիցների՝ Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի, Խավիեր Մասկերանոյի և այլ աստղերի հետ, սակայն այժմ այդ վերամիավորումը չեղարկված է։
46-ամյա Չավին կատալոնական ակումբի լեգենդներից է։ Նա «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի իննակի չեմպիոն, եռակի գավաթակիր և յոթակի սուպերգավաթակիր։
«Բարսելոնայի» հետ նա չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկուական անգամ հաղթել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և ակումբային աշխարհի առաջնությունում։ Որպես գլխավոր մարզիչ՝ իսպանացին թիմում աշխատել է 2021-ից 2024 թվականներին: