Ով է 12-ամյա երեխային թմրամիջոց տվել․ ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել դեպքից




 

Հայկական ժամանակ. «Դեպքը մեզ համար մտահոգիչ է։ Կարծես առաջին անգամ է, երբ նման դեպք ունենք։ Ամբողջ իրավապահ համակարգը այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը»:


 


Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով 12-ամյա աշակերտի օրգանիզմում ենթադրյալ թմրամիջոց հայտնաբերելու դեպքին։


 


«Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք քննչական մարմնին։ Ոստիկանությունն օպերատիվ- հետախուզական աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձ նույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չեն եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձն է կատարել:


 


Հավելյալ մանրամասներ այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել։ Ինչպես գիտեք, փորձաքննության արդյունքում նախնական տվյալներով՝ թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք՝ ամբողջ պատկերն ինչպիսին է, և արագ գնանք առաջ։ Հարցն իմ վերահսկողության ներքո է գտնվում, և ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կներկայացնենք»,- հավելել է նախարարը։


 


Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախքան առաջնային փորձաքննության արդյունքների հայտնի դառնալը երեխայի ծնողների համար անհասկանալի է եղել, թե ինչու է երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել։


 


«Սկզբից ծնողների համար անհասկանալի է եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետք էր հայտնաբերվել, բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում և արդյոք գործ ունենք վերջնական փորձաքննությամբ թմրամիջոցի հետ»,- մանրամասնել է նախարարը:


 


Նա հավելել է, որ տարբեր վարկածներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները ևս ուղեկցել են, տարբեր վարկածներ են եղել՝ կապված միջավայրի հետ:


 


«Այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետև որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին»,- հայտնել է նախարարը և նշել, որ երեխայի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան, նա որոշակի տվյալներ է հաղորդել արդեն։


 


 



 


 

Leave a Comment