ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հերքել է «Հրապարակ» օրաթերթի լուրը, թե հունիսի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների գիշերը, բանտերից մեկում կալանավորներ են ծեծի ենթարկվել։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, թե հունիսի 7-ի ընտրությունների գիշերը քրեակատարողական հիմնարկներից մեկում կալանավորներ են ծեծի ենթարկվել, սակայն չէր հստակեցրել, թե հատկապես որ քրեակատարողական հիիմնարկում է տեղի ունեցել միջադեպը։
Ըստ թերթի տվյալների՝ քվեարկության նախնական արդյունքների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր հաղթանակի մասին լուրերից հետո խցերից հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչել իշխող ուժի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչից հետո պահպանության աշխատակիցները ճնշել են «կալանավորների բունտը»։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանրապետության որևէ ՔԿՀ-ում ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, և որևէ ազատազրկված անձ ծառայողների կողմից ծեծի չի ենթարկվել։
Ծառայությունը պահանջել է «Հրապարակ» օրաթերթից հերքել լուրերը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։
Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն է պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝
