
ԱՄՆ-Իրան դիվանագիտական և ռազմական բախումների մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
– Իրան–Միացյալ Նահանգներ հակամարտությունն ի՞նչ փուլում է գտնվում այսօր։
-Հակամարտությունը միաժամանակ ընթանում է թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ուղղություններով։ Մի կողմից շրջանառվում էին տեղեկություններ հնարավոր համաձայնության մասին, և թե՛ ԱՄՆ նախագահի, թե՛ Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններում կային նման ակնարկներ։ Մյուս կողմից, ռազմական գործողությունները շարունակվում էին՝ խոչընդոտելով բանակցային գործընթացը։Հիմա խոսում են կայացած հավանական համաձայնության մասին։
-Ի՞նչն էր խանգարում դիվանագիտական գործընթացի առաջընթացին։
– Հիմնական խոչընդոտը փոխադարձ ռազմական գործողություններն էին։ Հարվածներ էին հասցվում ռազմավարական և էներգետիկ նշանակություն ունեցող օբյեկտներին, թիրախավորվում էին ամերիկյան ռազմակայաններն ու հենակետերը տարածաշրջանում։ Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցումից հետո Վաշինգտոնը հայտարարեց ռազմական ճնշումը մեծացնելու մասին։
– Ո՞րն է, ըստ Ձեզ, այս հակամարտության առանցքային խնդիրը։
– Եթե փորձենք առանձնացնել հիմնական հանգույցը, ապա այն էներգետիկ ռեսուրսների նկատմամբ վերահսկողության հարցն է։ Երբ ԱՄՆ նախագահը հիշատակում է Վենեսուելայի փորձը, փաստորեն ակնարկում է, որ խնդիրը միայն անվտանգային կամ քաղաքական չէ, այլ նաև տնտեսական և էներգետիկ բնույթ ունի։
– Ինչո՞ւ է հաճախ համեմատություն արվում Վենեսուելայի հետ։
– Քանի որ Վենեսուելայի դեպքում ԱՄՆ-ի ճնշումները ուժեղացան այն փուլում, երբ այդ երկիրը խորացնում էր համագործակցությունը Չինաստանի հետ և փորձում էր էներգակիրների առևտրում ավելի մեծ դեր տալ չինական արժույթին։ Այս համատեքստում որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Վենեսուելայի դեպքը նաև Չինաստանի ազդեցության սահմանափակման փորձ էր։
-Կարո՞ղ ենք ասել, որ Իրանի դեպքում նման սցենարն արդեն իրականացվել է։
– Ոչ։ Իրանի պարագայում իրավիճակը տարբեր է։ Իրանական իշխանությունները շարունակում են վերահսկել երկրի նավթային ոլորտը, իսկ Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը շարունակում է կարևոր լծակ մնալ Թեհրանի ձեռքում։ Հետևաբար այն արդյունքը, որը որոշ շրջանակներ տեսնում էին Վենեսուելայի դեպքում, Իրանում դեռևս չի արձանագրվել։
-Այս ամենում ինչպե՞ս է տեղավորվում Չինաստանի դիրքորոշումը։
-Չինաստանը բացահայտորեն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին։ Պեկինը շեշտում է, որ տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պետք է հարգվեն, և խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով։
-Չինաստանի հայտարարության մեջ ի՞նչ հիմնական ուղերձներ կարելի է նկատել։
-Նախ՝ այնտեղ ընդգծվում է, որ իրավիճակի սրացումը սկսվել է ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Երկրորդ՝ հատուկ շեշտադրվում է պետությունների ինքնիշխանության հարգման անհրաժեշտությունը։ Սա կարելի է մեկնաբանել նաև որպես երկրների իրավունքի պաշտպանություն՝ ինքնուրույն տնօրինելու իրենց բնական պաշարներն ու տնտեսական քաղաքականությունը։
– Այսպիսով, ինչպե՞ս կարելի է ամփոփել Չինաստանի ուղերձը։
– Այն միաժամանակ երկու հասցեատեր ունի։ Մի կողմից՝ Վաշինգտոնին ուղղված զգուշացում է՝ չգնալու այնպիսի քայլերի, որոնք կարող են հանգեցնել «Վենեսուելա 2» սցենարի կրկնությանը։ Մյուս կողմից՝ հակամարտող կողմերին ուղղված կոչ է՝ անհապաղ վերադառնալու բանակցային սեղան և փորձելու հասնել կայուն ու երկարատև հրադադարի։