Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցներն առավոտյան խուզարկություններ են իրականացրել «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանում՝ լրտեսության գործով։ Այս մասին հայտնել է ԲՀԿ ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը։
ԲՀԿ ներկայացուցչի խոսքով՝ խուզարկություններից հետո Մանուկյանին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Նա այժմ գտնվում է այնտեղ, հայտնել են գերատեսչությունից։
Խուզարկության մասին տեղեկությունը Armenia Today-ին հաստատել են Հայաստանի քննչական կոմիտեից։
ՔԿ-ում նշել են, որ քննչական գործողություններն իրականացվում են լրտեսության և պետական դավաճանության քրեական գործի շրջանակում, որով ավելի վաղ կալանավորվել էր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Մանուկյանն ավելի վաղ մեկնաբանել էր ԶԼՄ-ների հաղորդումները այն մասին, որ նա անցնում է ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի գործով, և դա անվանել էր «մառազմ»։
Փաստաբան Արամ Օրբելյանն ավելի վաղ հայտարարել էր , որ Թևանյանին առաջադրված մեղադրանքը չի պարունակում պետական գաղտնիք հավաքելու կամ փոխանցելու հետ կապված դրվագներ։
Թևանյանի նկատմամբ գործողությունները սկսվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին հայտարարությունից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի դեմ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին, իսկ մայիսի 23-ին դատարանը նրան կալանավորել էր երկու ամսով։
