Մանդատ վերցնելը ոչ թե կլինի ռացիոնալ որոշում, այլ ստորություն՝ ընդդիմությանը հավատացած ժողովրդի հանդեպ


Երեկ՝ ուշ երեկոյան, իսկ ավելի կոնկրետ՝ գիշերով, գաղտագողի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց 2 ընտրատեղամասի արդյունքները:

Այն, որ դա տեղին էր, և այդ մասին բարձրաձայնվել էր, քանի որ իսկապես այդ տեղամասերում ընտրություններն օրինախախտումներով էին, դա անքննելի է: Այստեղ խնդիրն այն է, որ ի սկզբանե ԿԸՀ նախագահ, ՔՊ-ից ծնունդ առած Վահագն Հովակիմյանը, այդ տեղամասում խախտում չէր տեսնում ու նորմալ էր համարում, որ գիշերվա «հազարին», դեռ ընտրություններ են ընթանում: Իսկ հետո որոշեց՝ անվավեր ճանաչել այդ տեղամասերի արդյունքները:

Այստեղ ոչ մի հարց չէր առաջանա, եթե նրա այդ որոշումը միտված չլիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելուն։

Այսինքն՝ այս որոշմամբ, ԲՀԿ-ից ՔՊ-ն գողացավ նրա 5 մանդատը և վերականգնեց իր 3/5 մեծամասնությունը:

Իսկ սա նշանակում է, որ անկախ նրանից, թե մյուս ընդդիմադիր 2 կուսակցությունները կվերցնեն ժողովրդի համար արդեն ոչինչ չարժեցող, իսկ իրենց համար կարծես կյանքի ու մահու հարց դարձած մանդատները, թե ոչ՝ ՔՊ-ն միանձնյա կարող է որոշումներ կայացնել, նախագծեր կյանքի կոչել և, ամենակարևորը, նշանակել իր սրտի դատավորներին ՍԴ պաշտոններում ու  ընդունել սահմանադրական օրենքներ։

Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով՝ Սահմանադրություն փոխել:

Իսկ մենք արդեն գիտենք, թե ինչ կարող է արժենալ դա երկրի ու ժողովրդի համար: 

Այս ֆոնին, ընդդիմությունը փոխանակ հանդես գա՝ ողջ ընտրությունը չեղարկելու, կամ գոնե այդ երկու տեղամասում դարձյալ ընտրություն հայտարարելու և կամ ինչ-որ կերպ այս ամենի դեմ պայքարելու մասին հայտարարություններով, մեկը մյուսի հետևից, ընդդիմադիր նախկին ու ապագա պատգամավորները ժողովրդին կոչ են անում «էմոցիոնալ» չլինել ու նախապատրաստում են իրենց պատգամավորությանը: 

Այս տրամաբանությամբ սխալված չենք լինի, եթե ասենք, որ, փաստորեն, նրանք պայքարում էին զուտ մանդատների համար՝ երկրի փրկության մասին լոզունգների ներքո:

Այսօր արդեն, օրինակ, «Հայաստան» դաշինքի դաշնակցական պատգամավոր ու առաջիկայում պատգամավոր դառնալու ակնկալիքով ապրող Ագնեսա Խամոյանն ասում է, թե՝  «պետք է ցանկացած որոշում ընդունել ո՛չ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ և հաշվի առնել դրա արդյունավետությունը»:

Խամոյանը շատ ճիշտ է ասում, բայց… նախ հասկանանք, թե որն է նրա պատկերացմամբ ռացիոնալը: Այսինքն՝ որքանով է խելացի, հիմնավորված ու նպատակահարմար մանտադները վերցնելը և ինչ արդյունավետություն  կարող է այն ունենալ ժողովրդի համար:

Սրա պատասխանը մեկն է՝ ոչ մի օգուտ այդ մանդատները չեն կարող տալ ո՛չ ժողորդին, ո՛չ էլ երկրին:

Պատճառն ակնհայտ է. ինչպես վերը նշեցի, անկախ «ընդդիմադիրների» ներկայությունից, մեծամասնություն կազմող ՔՊ-ն անգամ միաձնյա որոշումներ կարող է ընդունել: Իսկ 8 տարվա փորձն արդեն ցույց է տվել, որ ՔՊ-ն երբեք հայամետ որոշում չի կայացրել և գործել է որպես թշնամի երկրի կամակատար՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողորդի: 

Ու քանի որ ընդդիմության ձայնը որոշիչ չի կարող լինել ԱԺ-ում, ուստի նրանք այնտեղ անելիք չունեն ու դատարկ տեղ են: 

Այսինքն՝ այս մասով բացառում ենք, որ ընդդիմության մանդատ վերցնելը երկրի ու ժողովրդի համար կարող է լինել ռացիոնալ ու արդյունավետ որոշում:

Այլ հարց է, եթե հարգարժան Ագնեսան ռացիոնալությունը և արդյունավետությունը  դիտարկում է այլ տեսանկյունից. օրինակ՝ զուտ պատգամավոր դառնալու, կլորիկ աշխատավարձ ստանալու, ժամանակ առ ժամանակ նաև չաղլիկ պարգևավճարների արժանանալու, և վոյաժներ անելու չափորոշիչներով:

Այ սա արդեն իսկապես ռացիոնալ ու արդյունավետ է, բայց միայն իրենց ընդդիմադիր հռչակած, ժողովրդին հույս ներշնչած, բայց միայն սեփական բարօրության մասին մտածող ԱԺ մտած պատգամավորների համար:

Իսկ  ժողովրդի հանդեպ դա կլինի ստորություն, որովհետև այդ ժողովուրդը հավատացել էր նրանց ու հույսով լցվել, որ հայրենիքը իսկապես փրկողներ են եկել: 

Արմինե Մկրտումյան

Leave a Comment