Մանդատների ինտրիգը. ինչի՞ է սպասում ընդդիմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մանդատների ինտրիգը. ինչի՞ է սպասում ընդդիմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կվերցնի՞ ընդդիմությունը մանդատները՝ աշխատելով խորհրդարանում, թե՞ կգնա քաղաքական բոյկոտի ճանապարհով։ Մինչ քաղաքական դաշտում քննարկում են այս հարցը, իշխանությունները պնդում են՝ դրանից որևէ բան չի փոխվի։

«Հիմա էլ քննարկում են, ասում են՝ մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ, ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները դեռ չեն շտապում այս հարցով որոշում կայացնել։ Ասում են՝ սպասում են վերահաշվարկի արդյունքներին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է՝ ընդդիմությունը, անկախ հնչող հայտարարություններից, կգնա մի պարզ որոշման։

««Ուժեղ Հայաստանը» վերցնելու է մանդատները և գնալու է Ազգային ժողով, «Հայաստան» դաշինքը՝ նույնպես։ Թեև նրանք հայտարարում են, թե Սահմանադրական դատարան են դիմելու, բայց կդիմեն և միաժամանակ նաև մանդատները կվերցնեն, կգնան Ազգային ժողով»։

Քաղաքագետի կարծիքով՝ այստեղ միայն ներքաղաքական հաշվարկներ չկան։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ խորհրդարանում ունենա ազդեցիկ ընդդիմադիր բևեռ։

«Ռուսաստանը չի կարող ձեռքից բաց թողնել այն, ինչ ստացել է Հայաստանից։ Ռուսաստանը Հայաստանում ստացել է այն, որ Ազգային ժողովում ունի ընդդիմության հատվածի տոտալ վերահսկողություն, այսինքն՝ ամբողջ ընդդիմադիր հատվածը կվերահսկվի Ռուսաստանի կողմից»։

Ըստ Ղևոնդյանի՝ նույնիսկ այն դեպքերում, երբ իշխանությունը կունենա անհրաժեշտ ձայները որոշումներ ընդունելու համար, ընդդիմությունը կարող է դառնալ քաղաքական գործընթացները դժվարացնող գործոն։

«Ընդդիմությունը միասնաբար հանդես կգա որպես խանգարող գործոն։ Թեև «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանա իր պարզ մեծամասնության իրավունքն օգտագործել, բայց ընդհանուր ֆոն կստեղծվի, որ Ազգային ժողովում բացառապես «Քաղաքացիական պայմանագիրն» է այդ մոտեցումների կողմնակիցը, իսկ ամբողջ ընդդիմադիր հատվածն ընդդեմ դրա է աշխատում»։

Այնուամենայնիվ, ի՞նչ իշխանություն և ընդդիմություն կունենա Հայաստանն առաջիկա տարիներին։ Քաղաքագետի պատասխանը լավատեսական չէ։

«Ես, ճիշտն ասած, չունեմ սպասում, որ կառուցողական բանավեճ կամ քաղաքական գործընթաց Հայաստանի համար կենսական հարցերում տեսնելու ենք Ազգային ժողովում։ Ընդդիմությունը նմանատիպ վարքագիծ է դրսևորելու, ինչպես դրսևորել է վերջին 5 տարիների ընթացքում. որոշ դեպքերում բոյկոտելու են, չեն գալու, որոշ դեպքերում անկարգություններ են հրահրելու Ազգային ժողովում։ Իշխանությունն էլ իր հերթին գնալու է սադրանքների, և սադրանքների արդյունքում մենք տեսնում ենք թեժ իրավիճակներ, բայց այդ ամենը քաղաքականության և քաղաքական գործընթացների մասին չէ»։

Ղևոնդյանի համոզմամբ՝ խորհրդարանը կրկին կարող է հայտնվել սկանդալների և բախումների կենտրոնում՝ հատկապես արտաքին քաղաքական կարևոր հարցերի քննարկումների ժամանակ։

«Կրեմլը կօգտագործի ընդդիմությանն Ազգային ժողովում, որ ՔՊ-ն ոչ մի հարցում իրեն ազատ չզգա, ոչ մի խնդիր չկարողանա ինքնուրույն լուծել՝ հատկապես արտաքին քաղաքական հարցերում»։

Ղևոնդյանը վստահ է՝ Կրեմլն ամեն ինչ կանի, որպեսզի ընդդիմությունն ԱԺ-ում իշխանությունների համար խնդիրներ ստեղծի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment