Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է կառավարության նախաձեռնած օրենքը, որով փոփոխություններ են կատարվում Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսգրքում և նախատեսվում է միգրացիայի ոլորտում պետական տուրքերի բարձրացում։
Այսուհետ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը կկազմի 50 հազար ռուբլի, ինչը գրեթե 12 անգամ ավելի է նախկին գումարից։ Ժամանակավոր բնակության թույլտվության (РВП) համար տուրքը բարձրացվել է մինչև 15 հազար ռուբլի, իսկ կացության թույլտվության (ВНЖ) համար՝ մինչև 30 հազար ռուբլի։ Ավելացել է նաև օտարերկրյա աշխատողների ներգրավման թույլտվության արժեքը՝ յուրաքանչյուր աշխատողի համար սահմանվելով 15 հազար ռուբլի։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այս փոփոխություններն ուղղված են միգրացիոն քաղաքականության կատարելագործմանը։ Քննարկվում է նաև աշխատանքային միգրացիայի վերահսկման մի շարք լիազորություններ Աշխատանքի նախարարությունից Ներքին գործերի նախարարությանը փոխանցելու հարցը։ Դրանք ներառում են այն մասնագիտությունների ցանկերի հաստատումը, որոնցով որակավորված օտարերկրյա մասնագետները կկարողանան ստանալ կացության թույլտվություն կամ աշխատել առանց քվոտաների՝ պարզեցված կարգով։
Կառավարությունը պետական տուրքերի բարձրացումը հիմնավորում է ՆԳՆ-ի ծախսերի աճով՝ կապված ստուգումների անցկացման և տեղեկատվական բազաների վարման հետ։ Միաժամանակ քաղաքացիների որոշ խմբեր՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները, հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցները և օտարերկրացիները, որոնք պայմանագիր են կնքել զինվորական ծառայության անցնելու համար, կազատվեն որոշ վճարներից։