ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:
Քննարկվել է «ՀՀ սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկության եւ սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սնանկության գործի վարման եւ դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված հարաբերություններ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը Կառավարության առաջարկներով լրամշակվել եւ բարեփոխվել է: Շահագրգիռ մարմինների հետ շարունակվել են քննարկումները:
Քննարկվել է Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն, որ դատարանը տնային կալանք եւ դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից կամ հաղորդակցության այլ ձեւերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու մասով:
Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը միտված է կատարելագործելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Քրեական դատավարության եւ Դատական օրենսգրքում նոր կարգավորումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել պետության՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող գործի քննության ողջամիտ ժամկետի ապահովման կոնվենցիոն պարտականության կատարումը, ինչպես նաեւ քրեական գործերի քննության տեւողության կանխատեսելիությունը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ անցումային դրույթներում եւ վարույթների քննության ժամկետներում: Որոշակիացվել է «փաստաթուղթ» եզրույթը:
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի ընդունման արդյունքում, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանի, կլավարկվեն օրենսգրքով նախատեսված որոշ իրավակարգավորումներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, առաջարկվել է հստակեցնել դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցի քննարկման ընթացակարգը: