Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատելու Փաշինյաի «տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի»։
«Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի»,- նշված է նրա ուղերձում:
Թուրքիայի նախագահը նաև մաղթել է Փաշինյանին «առողջություն և բարեկեցություն», իսկ Հայաստանի ժողովրդին՝ «բարգավաճում և երջանկություն»։
Պակիստանի ղեկավարը նշել է, որ Փաշինյանից ակնկալում է համագործակցություն՝ Պակիստան-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու համար և կառուցողական համագործակցությանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։
2025 թվականի օգոստոսի 31-ից Պակիստանը ճանաչում է Հայաստանը. երկրները պաշտոնապես հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։ Մինչ այդ Պակիստանը ՄԱԿ-ի անդամ միակ պետությունն էր, որն ավելի քան 30 տարի չէր ճանաչում Հայաստանի անկախությունը։
