11 հունիսի 2026 – 15:48 AMT
PanARMENIAN.Net – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է մի շարք խորհուրդներ՝ անվտանգ և որակյալ պաղպաղակ ընտրելու համար։
Տեսչական մարմինը հիշեցրել է, որ պաղպաղակի տարբեր տեսակներ կան, որոնք միմյանցից տարբերվում են կաթնայուղի պարունակության չափով։
Տարբերակվում են հետևյալ տեսակները․
- կաթնային պաղպաղակ՝ մինչև 7.5% կաթնայուղ,
- սերուցքային պաղպաղակ՝ 8–11.5% կաթնայուղ,
- պլոմբիր՝ առնվազն 12% կաթնայուղ,
- թթվակաթնային պաղպաղակ՝ մինչև 7.5% կաթնայուղ,
- կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ՝ կաթնային և բուսական ճարպերի խառնուրդով, մինչև 12% կաթնայուղ։
ՍԱՏՄ-ն խորհուրդ է ալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը։ Դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե անվանման մեջ նշված է «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այդ արտադրանքը չպետք է պարունակի բուսական ճարպեր։
Խանութում պաղպաղակի որակը գնահատելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրա արտաքին տեսքին և կառուցվածքին։ Պաղպաղակը չպետք է կորցրած լինի իր ձևը, քանի որ դա կարող է վկայել պահպանման ջերմաստիճանային ռեժիմի խախտման մասին։
Կարևոր ցուցանիշ է նաև սառցե բյուրեղների առկայությունը։ Եթե դրանք նկատվում են պաղպաղակի մակերեսին կամ ներսում, ապա հավանական է, որ արտադրանքը կրկին սառեցվել է։
Մասնագետները կարևորել են նաև գույնը։ Որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ երանգ, իսկ դրա գույնը սովորաբար պայմանավորված է ճարպայնությամբ և օգտագործված հավելումներով։ Չափազանց վառ գույները կարող են հուշել արհեստական ներկանյութերի կիրառման մասին։
ՍԱՏՄ-ն հորդորել է անպայման ստուգել նաև պիտանիության ժամկետը և չգնել ժամկետանց արտադրանք։