Deepfake-ից մինչև ապատեղեկատվություն․ ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր պատկերացումը իրականության մասին

Վերջին տարիներին արհեստական բանականությունը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը։ Այն օգնում է մարդկանց աշխատել, սովորել, ստեղծագործել և արագ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։ Սակայն, ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիա, այն իր հետ բերում է նաև նոր մարտահրավերներ։ Մտահոգիչ մարտահրավերներից մեկը կեղծ տեղեկատվության ստեղծումն ու տարածումն է, որը մասնագետներն արդեն անվանում են ժամանակակից տեղեկատվական անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Եթե մի քանի տարի առաջ կեղծ լուսանկար կամ տեսանյութ ստեղծելու համար անհրաժեշտ էին հատուկ գիտելիքներ և ծրագրեր, ապա այսօր դա կարելի է անել ընդամենը մի քանի րոպեում։ Արհեստական բանականության միջոցով հնարավոր է ստեղծել այնպիսի պատկերներ, ձայներ և տեսանյութեր, որոնք առաջին հայացքից գրեթե անհնար է տարբերել իրականից։

Հայաստանում ևս այս երևույթն արդեն նկատվում է։ Սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել նկարների կամ տեսանյութերի, որոնք մեծ արագությամբ տարածվում են, իսկ հետո պարզվում է, որ դրանք իրական չեն եղել։ Շատ մարդիկ, հատկապես մեծահասակները, երբեմն չեն էլ կասկածում, որ իրենց տեսածը կարող է ստեղծված լինել համակարգչային ծրագրերի միջոցով։

Խնդիրն այն է, որ մարդիկ սովոր են հավատալ իրենց աչքերին։ Տարիներ շարունակ գոյություն է ունեցել այն համոզմունքը, որ լուսանկարն ու տեսանյութը ամենահուսալի ապացույցներն են։ Սակայն այսօր այդ պատկերացումները փոխվում են։ Արհեստական բանականության զարգացման շնորհիվ հնարավոր է ստեղծել այնպիսի տեսանյութ, որտեղ մարդը խոսում կամ անում է մի բան, որը երբեք չի ասել կամ արել։

Հատկապես մեծ տարածում են ստացել deepfake տեխնոլոգիաները։ Դրանց միջոցով հնարավոր է օգտագործել մարդու դեմքն ու ձայնը և ստեղծել լիովին կեղծ տեսանյութեր։ Արդյունքում մարդիկ կարող են հավատալ մի բանի, որը իրականում տեղի չի ունեցել։

Այս խնդիրը մտահոգում է նաև միջազգային հետազոտողներին։ KPMG-ի և Մելբուռնի համալսարանի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի տարբեր երկրների բնակիչների մեծ մասը մտահոգված է արհեստական բանականության միջոցով ստեղծվող ապատեղեկատվությամբ։ Հարցվածների զգալի մասը նշել է, որ երբեմն դժվարանում է հասկանալ՝ իր տեսած լուսանկարը կամ տեսանյութն իրական է, թե ոչ։ Reuters Institute for the Study of Journalism-ի հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերն ավելի հաճախ են բախվում կեղծ կամ մանիպուլացված բովանդակության։

Մեդիա հետազոտող և տեղեկատվական անվտանգության մասնագետ Աննա Մկրտչյանի խոսքով՝ ապագայում այս խնդիրը կարող է ավելի խորանալ։

«Եթե նախկինում կեղծ լուր ստեղծելու համար անհրաժեշտ էին ժամանակ և ռեսուրսներ, ապա այժմ դա կարող է անել գրեթե յուրաքանչյուր մարդ։ Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի զգոն լինենք և չհավատանք համացանցում տեսած յուրաքանչյուր նյութի»,- նշում է նա։

Մեր հարցին, թե ինչպե՞ս պաշտպանվել ապատեղեկատվությունից, մասնագետը պատասխանում է.

«Շատ կարևոր է սովորել ստուգել տեղեկատվության աղբյուրը, համեմատել տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և չտարածել նյութեր, որոնց իսկությունը կասկածելի է։ Այսօր մեդիագրագիտությունը նույնքան կարևոր հմտություն է, որքան կարդալն ու գրելը»։

Արհեստական բանականության զարգացումների մասին բազմիցս խոսել է նաև OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականությունը մարդկության համար հսկայական հնարավորություններ է բացում, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշակել անվտանգության մեխանիզմներ, որպեսզի տեխնոլոգիաները չօգտագործվեն մարդկանց մոլորեցնելու նպատակով։

«Արհեստական բանականությունը կարող է դառնալ մարդկության ամենահզոր գործիքներից մեկը, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև դրա հետ կապված ռիսկերին»,- նշել է Ալթմանը։

Մեդիա փորձագետները նշում են, որ այսօր փոխվում է նաև լրագրողի դերը։ Եթե նախկինում լրագրողի հիմնական գործը տեղեկատվություն փոխանցելն էր, ապա այժմ նա նաև պետք է ստուգի փաստերը, բացահայտի մանիպուլյացիաները և օգնի հասարակությանը տարբերել ճշմարտությունը կեղծիքից։

«Այսօր նույնիսկ տեսնելը բավարար չէ հավատալու համար»,- ասում է մեդիա հետազոտող Աննա Մկրտչյանը։ «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ լուսանկարները, ձայնագրությունները և տեսանյութերը նույնպես պետք է ստուգվեն»։

Փորձագետների կարծիքով՝ ապատեղեկատվության դեմ պայքարը միայն տեխնոլոգիական խնդիր չէ։ Այն նաև կրթական և մշակութային խնդիր է։ Որքան ավելի զարգացած լինի մարդկանց քննադատական մտածողությունը, այնքան ավելի դժվար կլինի նրանց մոլորեցնել։

Արհեստական բանականությունը, անկասկած, մարդկության մեծ ձեռքբերումներից մեկն է։ Այն կարող է հեշտացնել կյանքը, արագացնել աշխատանքը և ստեղծել նոր հնարավորություններ։ Սակայն նույն տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև մարդկանց մոլորեցնելու նպատակով։ Այդ պատճառով այսօր առավել քան երբևէ կարևոր է զարգացնել քննադատական մտածողությունը և սովորել պատասխանատու կերպով վերաբերվել տեղեկատվությանը։

Արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն տեխնոլոգիաները, այլ նաև այն, թե ինչպես ենք ընկալում իրականությունը։ Երբ նույնիսկ լուսանկարն ու տեսանյութը կարող են կեղծ լինել, մարդկանց համար ավելի կարևոր է դառնում տեղեկատվությունը ստուգելու և վստահելի աղբյուրներից օգտվելու կարողությունը։ Ինչպես նշում են Աննա Մկրտչյանը, Reuters Institute-ի հետազոտողները և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, ապատեղեկատվության դեմ պայքարը սկսվում է տեղեկացվածությունից։ Իսկ ճշմարտությունը պահպանելը դառնում է ոչ միայն լրագրողների, այլև ամբողջ հասարակության ընդհանուր պատասխանատվությունը։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment