
Անցած գիշեր Գյումրիում տեղացած անոմալ տեղատարափ անձրևն ու կարկուտը քաղաքում արտակարգ իրավիճակ են ստեղծել։ Ինտենսիվ տեղումների հետևանքով փողոցների մի մասը հայտնվել է ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտի տեղաշարժի համար։
Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանը։
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակ. կուտակված հսկայական սառցաշերտի և ջրի պատճառով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահարվել է։
Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանի խոսքով՝ տեղումների ծավալն աննախադեպ էր քաղաքի համար։