FIDE-ն կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը

Միջազգային շախմատի ֆեդերացիան (FIDE) կասեցրել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը։ Միևնույն ժամանակ առանձին շախմատիստները կկարողանան շարունակել մասնակցել մրցումներին։

FIDE-ում հայտնել են, որ քննարկել են Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի գործով Սպորտային արբիտրաժային դատարանի որոշման կատարման հարցը և եզրակացրել, որ դատարանի որոշմամբ սահմանված պահանջները «սահմանված ժամկետում չեն կատարվել»։

Ընդունված բանաձևում, սակայն, չի նշվում, թե որքան ժամանակով է կասեցվել Ռուսաստանի անդամակցությունը։ Նշվում է, որ խորհուրդը որոշել է կիրառել «անդամակցության ժամանակավոր կասեցման սանկցիա»։

Միաժամանակ FIDE-ն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես ֆեդերացիային, այլ ոչ թե առանձին շախմատիստներին։

Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝ ռուսաստանցի շախմատիստները, որոնք համապատասխանում են FIDE-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջներին ու հանձնարարականներին, կկարողանան շարունակել մասնակցել միջազգային մրցաշարերին՝ ֆեդերացիայի սահմանած պայմաններով։

Leave a Comment