Հայաստանում նախընտրական քարոզարշավի մշտադիտարկման ընթացքում պարզվում է, որ ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժերի քարոզչությանն ու հավաքներին մասնակցում են նաեւ անչափահաս անձինք։ Դա են վկայում լրատվամիջոցների, սոցիալական մեդիա հարթակներում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները։
Ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ միջազգային կոնվենցիաները սահմանում են, որ երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք։ Միաժամանակ դրանցում նախանշված սկզբունքները պահանջում են առաջնորդվել երեխայի լավագույն շահով, որը ենթադրում է՝ ցանկացած կառույց պարտավոր է ապահովել երեխայի տարիքային կարողություններին համապատասխան միջավայր, իհարկե, հարգելով երեխայի սեփական «ես»-ն ու կարծիքը։
Հավաքներին երեխաների մասնակցության տարիքային շեմ սահմանված չէ։
Լրատվամիջոցներում եւ համացանցում տարածված լուսանկարներից, տեսանյութերից ակներեւ է, որ հանրային, բաց վայրերում իրականացվող քարոզչությանը, հավաքներին մասնակցող անչափահաս քաղաքացիների թվում են նաեւ նախադպրոցական տարիքի երեխաներ, որոնք կրկնօրինակում են մեծահասակների խոսքը, քայլը, տարածվող գովազդային պաստառներով եւ ցուցանակներով հանդես գալիս, կրկնում քաղաքական բնույթի կոչեր, ուղերձներ, ստանում նվերներ։
Երեխաների՝ բաց դեմքով տեսանյութերն ու լուսանկարները լայնորեն տարածվում են համացանցում, ունենում իրենց հոգեբանական ազդեցությունը նաեւ ընտրողների վրա։
Հրապարակված լուսանկարներից եւ տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ, մասնավորապես, նախադպրոցական տարիքի երեխաների՝ քաղաքական այս կամ այն գործչի սիրելի խոսքը, կոչը կրկնելիս կամ ընդգծելիս ընտրողների մի մասը այն ընդունում եւ ընկալում է որպես ճշմարիտ եւ անկեղծ խոսք։ Այս երեխաները, կամա թե ակամա, դառնում են քարոզչության մասնակից, իսկ արդյո՞ք նրանց արտաբերած կոչերն ու խոսքերը բխում են իրենց լավագույն շահից, արդյո՞ք երեխան ազատորեն է ընտրում այդ կոչն ու միտքը։
Այսպիսով, հաստատվում է, որ առաջնային է դառնում երեխայի քաղաքական համակրանքը, իսկ երեխայի լավագույն շահը մղվում է երկրորդական պլան։
Հոգեբանական ազդեցությունը․ մասնագիտական դիտարկումներ հոգեբանից
Հոգեբան Քրիստինա Բաղդասարյանի կարծիքով՝ երեխաների մասնակցությունը քաղաքական գործընթացներին ինքնին չի կարող գնահատվել որպես բացարձակապես դրական կամ բացասական երեւույթ։
Ըստ հոգեբանի՝ հոգեբանական ազդեցությունը կախված է մի շարք գործոններից՝ մասնակցության ձեւից, միջավայրի բնույթից, քաղաքական հաղորդակցության ինտենսիվությունից, ինչպես նաեւ երեխայի կամավոր եւ գիտակցված ներգրավվածության աստիճանից։ «Երբ մասնակցությունը հիմնված է քաղաքացիական կրթության, մարդու իրավունքների եւ քննադատական մտածողության զարգացման վրա, այն կարող է նպաստել սոցիալական պատասխանատվության, ակտիվ քաղաքացիության եւ ժողովրդավարական արժեքների ձեւավորմանը։ Սակայն այն դեպքերում, երբ երեխան ներգրավվում է մանիպուլյատիվ, հուզականորեն բևեռացված կամ գաղափարական քարոզչության մեջ՝ առանց բավարար ինքնուրույնության եւ ընտրության հնարավորության, կարող են ձեւավորվել վաղ քաղաքական բևեռացում՝ «մերոնք եւ ուրիշներ» մտածողություն։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների օգտագործումը քարոզարշավներում չի հանդիսանում պարզապես «մասնակցություն»։ Այն հաճախ դիտարկվում է որպես սիմվոլիկ ազդեցության, հուզական մոբիլիզացիայի և հանրային տրամադրությունների կառավարման քաղաքական տեխնոլոգիա։ Քարոզարշավներում երեխաների մասնակցությունը, կարգախոսների արտաբերումը, քաղաքական տեսանյութերում կամ սոցիալական մեդիայի բովանդակություններում նրանց օգտագործումը հաճախ ներկայացվում է որպես «մասնակցային մշակույթ» կամ «քաղաքացիական ակտիվություն», սակայն հոգեբանական եւ քաղաքական տեխնոլոգիական տեսանկյունից այս երեւույթն ունի շատ ավելի խորքային ազդեցության մեխանիզմներ»,-ասում է հոգեբանը։
Մասնագետի դիտարկմամբ՝ քաղաքական հաղորդակցության մեջ երեխայի կերպարը դիտարկվում է որպես ուժեղ սիմվոլիկ եւ հուզական ռեսուրս։ Երեխան հասարակության գիտակցության մեջ ասոցացվում է անմեղության, անկեղծության, մաքրության եւ ապագայի հետ։ «Այդ պատճառով քաղաքական ուղերձը, որը փոխանցվում է երեխայի միջոցով, հաճախ ընկալվում է ոչ թե որպես սովորական քարոզչություն, այլ որպես անկեղծ եւ վստահելի ուղերձ, բացի դրանից երեխայի կերպարը նվազեցնում է լսարանի քննադատական դիմադրությունը եւ ուժեղացնում հուզական նույնականացումը Երեխաների մասնակցությունը հանրային եւ քաղաքական գործընթացներին պետք է լինի կամավոր, անվտանգ, տեղեկացված եւ զերծ մանիպուլյատիվ շահագործումից»,-ավելացնում է հոգեբանը։
Քարոզչության ընթացքում երեխաների ներգրավվածությունը նոր չէ հայաստանյան իրականությունում
Դեռեւս 2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ եւ հրապարակել ամփոփ վերլուծություն։
Մասնավորապես, հրապարակել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքներին երեխաների մասնակցության հետ կապված խնդրահարույց, ինչպես նաև նրանց լավագույն շահերը խախտող իրավիճակներ. «Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր․․․
Այս համատեքստում հատկապես անընդունելի է երեխաների մասնակցությամբ նախընտրական քարոզարշավին նման կոչեր անելը՝ դրանով երեխաների համար ևս ստեղծելով ատելության մթնոլորտ: Երեխաներն այս հարցերի նկատմամբ առավել խոցելի են նաև այն պատճառով, որ նրանց մոտ այդ խոսքերը կարող են արագ փոխակերպում ստանալ:
Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ»,-հրապարակել էր ՄԻՊ-ը։
Ընտրությունների ժամանակահատվածում երեխաների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական
2023 թվականին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արձանագրել էր երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, մասնավորապես, Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում։
ՀՔԱՎ-ի գրասենյակն ընդգծել է, որ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով են երաշխավորված երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները:
Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը, ինչպես հրապարակված է, դառնում է էլ ավելի արդիական:
«Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում, ինչպես եւ նախկինում, արձանագրվում են երեխաների կրթության, մտքի ազատության եւ խաղաղ հավաքների մասնակցության իրավունքների անուղղակի խախտման դեպքեր: Մեկ իրավունքի իրացման քողի ներքո խախտվում է մեկ այլ իրավունք: Նմանատիպ դեպքերի շարքին են դասվում աշակերտների՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածում՝ դասընթացին մասնակցելու փոխարեն այս կամ այն քաղաքական ուժի կողմից անցկացվող հավաքին ուղղորդված եւ պարտադրված մասնակցությունը, դպրոցի տարածքում քարոզչական նյութերի բաժանումը: Խոսքը ոչ թե անհատական մասնակցության մասին է, այլ՝ կազմակերպված եւ խմբակային։ Ակնհայտ է, որ նշված գործողությունը ոչ թե աշակերտի ազատ կամարտահայտության արդյունքն է՝ ուղղված խաղաղ հավաքներին մասնակցելու իր միջազգայնորեն երաշխավորված իրավունքի իրացմանը, այլ ուղղորդված գործողություն է:
Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալ, այլ ընդհակառակը՝ որպես երեխաների կարծիք ներկայացվող արտահայտությունները հաճախ ուղղակիորեն ուղղորդված են այս կամ այն քաղաքական ուժին վարկաբեկելու կամ գովաբանելու: Նշվածի արդյունքում երեխաների շրջանում ձևավորվում է անառողջ, ատելության խոսքի հիման վրա ձևավորված ընկալում: Նման գործելաոճը չի բխում երեխայի լավագույն շահից և որևէ եղանակով ուղղված չէ երեխայի մտավոր և հոգևոր զարգացմանը: Երեխայի կողմից կատարվող ցանկացած գործողություն, որն ուղղված է լինելու մտքի ազատության, խաղաղ հավաքների մասնակցության իրավունքի իրացմանը պետք է կատարվի երեխայի կամքով, սեփական գիտակցությամբ և ցանկությամբ, չպետք է լինի ուղղորդված և ունենա քողարկված նպատակ, հակառակ դեպքում կբախվենք երեխայի լավագույն շահի ոտնահարման փաստի հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչության գործընթացներում պարտադրված ներգրավումից, չխախտել երեխաների կրթության իրավունքը՝ խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքի իրացման քողի ներքո, որպես երեխայի կարծիք չներկայացնել քաղաքական այս կան այն ուժի տեսակետը, չընդգրկել երեխաներին քաղաքական պայքարի մեջ այն դեպքում, երբ երեխաները սեփական հայեցողությամբ կամքի ազատ արտահայտման հիման վրա չեն որոշում մասնակցել որևէ նման միջոցառումներին»,-հրապարակել է ՀՔԱՎ-ի գրասենյակը։
Կրթության իրավունքի իրացման խնդիրը քարոզչության ընթացքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տեղեկություններով՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում, Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի խումբ աշակերտներ, նաեւ ուսուցիչներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարության փոխանցմամբ՝ կնախաձեռնվելու է առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։
Նախարարությունը, ըստ տարածած հաղորդագրության, «կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով այս խնդրին, հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։
«Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն»,-ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։
Ամփոփում
Այսպիսով, քաղաքական այն ուղերձը, կոչը, որը փոխանցվում է երեխայի միջոցով, հաճախ կարող է գնահատվել որպես ապակողմնորոշող, մանիպուլյատիվ։ Երեխաները, այդ թվում՝ նախադպրոցական տարիքի, կարող են նաեւ քաղաքական գործիչների թելադրանքով տարածել ապատեղեկատվական կոչեր, կեղծ, մոլորեցնող խոսք, ուղերձ, ատելության խոսք։
Քաղաքական ուժերը, կուսակցությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները պետք է հեռու մնան երեխաներին նախընտրական քարոզչության գործընթացներում պարտադրված ներգրավումից՝ հարգելով երեխաների ազատ արտահայտման իրավունքի իրացումը, միաժամանակ հիմք ընդունեն, որ երեխաները միայն իրենց սեփական նախաձեռնությամբ եւ հայեցողությամբ կարող են մասնակցել նման հավաքների։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է Անի Մկրտչյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի տեսակետները։
Լուսանկարները՝ քաղաքական ուժերի facebook-յան էջերից