Ալեքս Ալեքսանյանին կտրամադրվի տարկետում՝ վարկանիշային ավելի բարձր համալսարաններում կրթությունը շարունակելու համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների կրթության անընդհատությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով։

Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով հաստատված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների (այսուհետ՝ կարգ) համաձայն քաղաքացուն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացմամբ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ կարգով սահմանված նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները:

Կարգի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերով սահմանված են այն նվաճումները, որոնք ունենալու դեպքում քաղաքացուն տրվում է տարկետում: Կարգի 13-րդ կետով սահմանված է, որ «13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը»:

Հիմք ընդունելով վերը նշված կարգավորումը Ալեքս Մարտինի Ալեքսանյանը դիմել է  վարկանիշային ավելի բարձր գտնվող համալսարաններում սովորելու համար նոր տարկետում ստանալու:

Բյուջետային ազդեցություն

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կապահովվի Ալեքս Մարտինի Ալեքսանյանի կրթության անըհդհատականությունը և շարունակականությունը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 27 տարին լրանալու օրը, տալ տարկետում  Ալեքս Մարտինի Ալեքսանյանին (ծնվ.՝ 11.09.2007 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան Մոլդովական փ. 42, 21 բն.): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 13-րդ կետեր:

Leave a Comment