Հանդիպել եմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով ամեն ինչ անում է ինքնուրույն․ «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին

Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջանով կերկարաձգի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ, սակայն այս համաձայնագիր խիստ ուշագրավ մանրամասներ ունի։

Միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն բացահայտել է, որ հայ ֆուտբոլիստը բանակցությունները վարում է ամբողջությամբ ինքնուրույն՝ առանց որևէ գործակալի միջամտության։

«Իմ ողջ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով ամեն ինչ անում է ինքնուրույն և ամեն առումով միջինից բարձր մակարդակի վրա է՝ լինի դա խաղադաշտում, դրանից դուրս, թե սեփական կարիերայի կառավարման հարցում։ Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը։ Հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Աուզիլիոյի խոսքերից հստակեցվում է երկու կարևոր բան։ Նախ, Մխիթարյանը շուտով պաշտոնապես կստորագրի ևս մեկ տարվա պայմանագիր։

Երկրորդ՝ «հայը, ով սլանում է գնացքի պես» (այսպես են նրան կնքել Աուզիլիոն, թիմակիցներն ու երկրպագուները), ինքն է վարել բանակցությունները՝ առանց հատուկ պահանջների։ Նա ընդունել է աշխատավարձի բնականոն նվազեցումը ներկայիս համաձայնագրի համեմատ (այժմ նա ստանում է տարեկան 4 միլիոն եվրո մաքուր եկամուտ)։

Մխիթարյանը ղեկավարությանը պայմաններ չի թելադրել և ներկայացել է բանակցություններին, որոնք նախաձեռնել էր Քրիստիան Կիվուն։ Վերջինս հայ կիսապաշտպանին առանցքային ֆիգուր է համարում նաև հաջորդ մրցաշրջանի համար։

Հաջորդ հունվարին Հենրիխը կդառնա 38 տարեկան, և հենց նրա ֆուտբոլային հասունությունն է դարձել թիմի կազմում մնալու գլխավոր գրավականը։ Մխիթարյանը երկար մտածել է հնարավոր հեռանալու և տարբերակների շուրջ, սակայն ի վերջո որոշել է ընդառաջել Կիվուի ցանկությանը՝ շարունակել համագործակցությունը։

Ակումբում բարձր են գնահատում ոչ միայն Մխիթարյանի խաղային ինտելեկտը, այլև նրա մարդկային տեսակը։

Leave a Comment