
Բանտում ավելի քան 20 օր հացադուլ անող արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին»,- հայտնում են տադախազությունից:
Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով:
Արթուր Օսիպյանը ձերբակալվեց ու մեղադրյալ դարձավ քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանի հետ վիճելուց հետո: Իրավապահները նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով: Փաշինյանը այնքան էր զայրացել ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին նրա հարցերից, որ գոռգոռալուց հետո անգամ մեղադրեց, թե ինչու չի զոհվել պատերազմում: Արդեն բանտում Օսիպյանը հացադուլ հայտարարեց՝ վարչապետից պահանջելով ներողություն խնդրել իրեն վիրավորելու ու «փախած» անվանելու համար:
Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն Օսիպյանի կալանավորումն ապօրինի են որակել՝ պնդելով, որ այն քաղաքական է։ Մի խումբ հանրային գործիչներ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել՝ ընդգծելով, որ արցախցի տղամարդուն ազատ արձակելու դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։