Հայաստան-Մոլդովա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է արդյունքները:
Գլխավոր մարզիչն ընդգծել է, որ թիմը գրոհող ֆուտբոլ է խաղացել առաջինից մինչև վերջին րոպեն, սակայն արդյունքի հասնելուն խանգարել են բախտի գործոնն ու որակի որոշակի պակասը հարձակման եզրափակիչ փուլում:
«Որպես մարզիչ գնացել էի «վա-բանկ», որպեսզի հաղթենք: Ներողություն եմ խնդրում, որ այսօր չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին: Տղաները շատ լավ աշխատեցին, հանդիպումը նորմալ եմ գնահատում, սակայն հասկանալի է՝ եթե հաղթանակ չկա, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Մրցակիցը փորձում էր խանգարել մեզ, իսկ մենք վերջնամասում չկարողացանք իրացնել մեր ռեալ գոլային պահերը: Տակտիկայի խնդիր չկա, պարզապես պետք է գտնենք այն ֆուտբոլիստներին, ովքեր ի վիճակի են հարվածը հասցնել տրամաբանական ավարտի: Խնդրում եմ հավատալ մեր թիմին և զինվել համբերությամբ: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, ունենք հիանալի, նվիրված կոլեկտիվ»,- նշել է Մելիքյանը:
Ամփոփելով հունիսյան երկու ընկերական հանդիպումները` Եղիշե Մելիքյանը նշել է, որ մարզչական շտաբը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: Այժմ գլխավոր նպատակը վերլուծություններ կատարելն ու աշնանը կայանալիք պաշտոնական հանդիպումների համար մեկնարկային կազմի հիմնական կորիզը ձևավորելն է:
«Ընդհանուր առմամբ՝ թիմից գոհ եմ: Չհաղթեցինք միայն գոլ չխփելու պատճառով: Հույս ունեմ, որ Վահան Բիչախչյանի և Ֆինն Գերագուտյանի պես ֆուտբոլիստների օգնությամբ կկարողանանք լուծել պահերի իրացման խնդիրը»,- եզրափակել է Մելիքյանը: