Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում․ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտնագության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՏՈւ.-ն շուրջ 4 տարի առաջ ԱՀ.-ին և երկու եղբայրներին ունեցած 3 մլն 300 հզր ՀՀ դրամ պարտքի վերադարձման հարցը լուծելու նպատակով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, Ալավերդի քաղաքի բնակիչ ԱԿ-ի մտերիմ ԱԱ-ին:  Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

ՏՈւ.-ն տեսնելով, որ ԱԱ.-ի կողմից վեճին լուծում չի տրվում, 2025 ապրիլի 3-ին նույն հարցով՝ ԱՓ-ի միջոցով դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ԱԿ-ին, ով անօրինական օգուտ՝ 1 մլն 300 հզր ՀՀ դրամ գումար ստանալու դիմաց, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծել է նրանց միջև եղած մասնավոր վեճը:

Բացի այդ, ՏՈւ-ն 2025 թվականի ապրիլի 25-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ԱԿ-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ ԱՓ-ի միջոցով դիմել է ԱԿ-ին՝ իր և իր ազգական ԱԱ-ի հետ ունեցած ֆինանսական խնդիրների և այդ կապակցությամբ վերջինիս կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքի կապակցությամբ առաջացած վեճն իր օգտին լուծելու խնդրանքով:

Մասնավոր վեճը ՏՈւ-ի օգտին լուծելու նպատակով՝ Ա.Կ.-ն Ա.Ա.-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ՝ պահանջելով բոլորի ներկայությամբ ներողություն խնդրել, ինչը նա կատարել է:

ՏՈւ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) (2 դրվագ), ԱՓ-ի և ԱԱ-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), իսկ ԱԿ-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը): 

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

ՏՈւ.-ի, ԱԱ-ի և ԱՓ-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։։

Leave a Comment