Ապատեղեկատվության դեմ պայքարը՝ հանրային ազդեցություն ունեցող անձանց դիտանկյունից

300 հազար ադրբեջանցինե՞ր, թե՞ 300 հազար աշխատատեղ, պատերազմ, թե՞ խաղաղություն, գնա՞լ ընտրության, թե՞ ամեն ինչ արդեն որոշված է։ Այս և տասնյակ այլ՝ միմյանց հակասող տեղեկություններ այսօր Լոռու մարզի բնակիչների առօրյա քննարկումների անբաժանելի մասն են դարձել։ Ում հավատալ, ինչպե՞ս տարբերել իրականությունն ապատեղեկատվությունից, ինչպե՞ս համոզվել տարածվող տեղեկությունների հավաստիության մեջ։ Այս հարցերի պատասխանները փորձում են գտնել ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև հանրության շրջանում ճանաչում և հեղինակություն ունեցող մարդիկ։

Քաղաքացիների խոսքով՝ Լոռու մարզում տեղեկատվության հիմնական աղբյուրներն են սոցիալական մեդիայի հարթակները, հեռուստատեսությունը և շրջապատի հետ ամենօրյա շփումները։ Սակայն տեղեկատվական հոսքերի բազմազանության հետ մեկտեղ մեծանում է նաև ապատեղեկատվության տարածման վտանգը։

Նախընտրական շրջանում այդ վտանգն առավել ակնառու է դառնում։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը, մանիպուլյատիվ հրապարակումները և համացանցում արագ տարածվող չստուգված տեղեկությունները հաճախ դժվարացնում են իրականության և կեղծիքի սահմանազատումը։ Սոցիալական ցանցերում լրատվամիջոցների հրապարակումներին զուգահեռ ակտիվ են նաև հանրային ազդեցություն ունեցող անձինք՝ ինֆլյուենսերները, որոնք իրենց հարթակներում անդրադառնում են տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Հազարավոր հետևորդներ ունեցող Վանաձորցի դերասան և հաղորդավար Էդգար Քոչարյանի կարծիքով՝ ապատեղեկատվությունը նոր երևույթ չէ, սակայն վերջին տարիներին դրա ծավալն ու ազդեցությունը զգալիորեն աճել են․ «Ապատեղեկատվությունը միշտ էլ եղել է, բայց հիմա դրա ծավալն ահռելի է։ Տարածողները հասկացել են դրա արդյունավետությունը և ժամանակի ընթացքում կատարելագործել իրենց մեթոդները», – նշում է նա։

Դերասանի խոսքով՝ Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային ազդեցությունների շրջանակում տեղեկատվական դաշտում ակտիվորեն կիրառվում են նաև հոգեբանական ներգործության մեխանիզմներ։

Նա պատմում է, որ հաճախ մարդիկ վստահությամբ վերարտադրում են տեղեկություններ, որոնց սկզբնաղբյուրը չեն տեսել և չեն ստուգել․ «Հարցնում ես՝ անձամբ լսե՞լ ես, ասում է՝ ոչ։ Հարցնում ես՝ հղո՞ւմ կա, տեսանյութ կա՞, աղբյուր կա՞, և պատասխան չի լինում։ Շատ դեպքերում գործում է նախնական վերաբերմունքը։ Եթե մարդն արդեն բացասական է տրամադրված որևէ անձի կամ երևույթի նկատմամբ, ավելի հեշտ է հավատում իր պատկերացումներին համապատասխանող տեղեկություններին», – ասում է նա։

Քոչարյանի կարծիքով՝ մարդիկ, որոնք հետաքրքրված են փաստերի ճշգրտությամբ, սովորաբար տեղեկատվությունը ստուգում են տարբեր աղբյուրներով, մինչդեռ մյուսները հաճախ սահմանափակվում են առաջին տպավորությամբ։ Նրա համոզմամբ՝ ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է լինի ավելի հետևողական, քանի որ նույնիսկ հերքվելուց հետո կեղծ տեղեկությունը հաճախ շարունակում է ազդեցություն ունենալ մարդկանց վրա։

Իսկ դերասանուհի Անի Աբրահամյանն իր հերթին նշում է, որ ապատեղեկատվության դեմ պայքարը փորձում է սկսել սեփական օրինակով՝ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ առօրյա շփումներում․ «Փորձում եմ ոչ միայն օնլայն, այլև օֆլայն միջավայրում խոսել դրա մասին, որովհետև նման տեղեկություններն ամենից հաճախ հանդիպում են ընկերական զրույցների և հանդիպումների ժամանակ», – ասում է նա։

Աբրահամյանի խոսքով՝ նախընտրական շրջանում հատկապես ակտիվանում են արտաքին ազդեցությունների շրջանակում տարածվող ապատեղեկատվական նյութերը։ Միևնույն ժամանակ դրանց տարածմանը նպաստում են նաև այն օգտատերերը, որոնք բավարար մեդիագրագիտություն չունեն և տեղեկությունը չեն ստուգում նախքան տարածելը․ «Շատ մարդիկ հավատում են այն ամենին, ինչ կարդում են համացանցում, և իրենց որոշումները կառուցում են դրա հիման վրա, նույնիսկ եթե տեղեկատվությունը երբեմն հասնում է ակնհայտ անհեթեթության», – ասում է նա։

Նրա խոսքով՝ տեղեկատվության մեծ ծավալի պայմաններում ընտրողների համար դժվար է տարբերակել հավաստի տեղեկությունը կեղծից, սակայն յուրաքանչյուր օգտատեր կարող է իրեն մի քանի պարզ հարց տալ. ո՞վ է ստեղծել այս տեղեկությունը, ո՞վ է այն տարածում, ինչո՞ւ է այն հրապարակվում հենց հիմա և ինչպիսի՞ հուզական արձագանք է փորձում առաջացնել։

Մասնագետների և հանրային ճանաչում ունեցող անձանց դիտարկումները ցույց են տալիս, որ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորագույն միջոցներից շարունակում են մնալ մեդիագրագիտությունը, տեղեկատվության ստուգումը և բազմակողմանի աղբյուրներից օգտվելը։ Տեղեկատվական հոսքերի այսօրվա պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն տեղեկատվության սպառող է, այլև դրա տարածողը։ Հետևաբար, յուրաքանչյուր կիսում, մեկնաբանություն կամ հրապարակում կարող է նպաստել ինչպես ճշգրիտ տեղեկատվության տարածմանը, այնպես էլ ապատեղեկատվության հերթական ալիքին։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Վարդուհի Անանյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն»  հիմնադրամի տեսակետները։

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականությամբ։

Leave a Comment