Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը անդրադարձավ վերջերս հրապարակված, ընտրակաշառքների մասին ձայնագրություններին։
«Ունենք շուրջ 115 քրեական վարույթ, նախորդ օրվա դրությամբ եմ ասում, այդ վարույթներով հարցաքննվել են հարյուրավոր անձինք, և որևէ անձ չունենք, որը հարցաքննության ընթացքում հերքած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ, կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն: Նման որևէ տվյալ որևէ վարույթով մենք չունենք»,- հայտնեց Նահապետյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավաստիացրեց՝ հրապարակված ձայնագրություն, ձայնագրության կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի:
«Այսինքն՝ հրապարակվել են ձայնագրությունների էն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն՝ տվյալներ է պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին, և խոսակցությունը վերաբերել է կոնկրետ ընտրակաշառքին: Այսինքն՝ մենք էդ ամեն ինչը, բնականաբար, ներկայացնելու ենք դատարան: Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ, 14 քրվարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, և վաղը-մյուս օր մեր հանրությունը գնալու է դատարան և անձամբ ծանոթանա այդ ձայնագրությունների հետ»,- տեղեկացրեց Նահապետյանը:
ՀԿԿ նախագահը հայտնեց նաև, որ ձայնագրությունները, որոնք հանրությունը լսում է ներկայում, կատարվել են մի դեպքում՝ մեկ ամիս առաջ, մյուս դեպքում՝ մեկ օր առաջ կամ մի քանի ամիս առաջ:
«Դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը դրանք հրապարակում է այն ժամանակ, երբ իրականացվում են բացահայտ գործողություններ»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: