Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, որ Նեթանյահուն կմասնակցի առաջիկա ընտրություններին, տեղեկացնում է The Times of Israel-ը։
Այս հայտարարությունը հնչել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ էր դրել Նեթանյահուի՝ վերընտրվելու մտադրությունը։
«Վարչապետ Նեթանյահուն կմասնակցի առաջիկա ընտրություններին և, Աստծո օգնությամբ, կհաղթի»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Թրամփն ABC News-ին ասել էր, որ չգիտի՝ արդյոք Նեթանյահուն պատրաստվո՞ւմ է մասնակցել ընտրություններին, որոնք նախատեսված են մինչև հոկտեմբերի 27-ը։
«Չգիտեմ, նա հիանալի քաղաքական կարիերա է ունեցել։ Ցանկանո՞ւմ է արդյոք շարունակել։ Գիտեք, նա պատերազմի ժամանակ վարչապետ էր։ Մենք շատ շուտով կհաղթենք այս պատերազմում՝ այս կամ այն կերպ, և գիտեք, որ նա պատերազմի ժամանակ վարչապետ էր»,- ասել է Թրամփը՝ ըստ ABC News-ի թղթակից Ջոնաթան Կարլի հրապարակման։
Նախորտ տարվա նոյեմբերին «Լիկուդը» գրեթե 14 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացրել էր կուսակցության տեղական կառույցների և ազդեցիկ Կենտրոնական կոմիտեի ընտրություններ։ Քանի որ Նեթանյահուն մրցակիցներ չուներ, կուսակցության անդամներին առաջարկվել էր պարզապես հաստատել նրա շարունակական պաշտոնավարումը՝ որպես կուսակցության նախագահ։
Երեկ հրապարակված հարցման համաձայն, որն իրականացրել էր Իսրայելի ժողովրդավարության ինստիտուտը, իսրայելցիների 61%-ը, իսկ հրեա իսրայելցիների 57%-ը կարծում է, որ Նեթանյահուն չպետք է առաջադրվի ևս մեկ ժամկետով։