Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2026 թվականի մայիսի 11-ին կատարված փոփոխությունների կիրառման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, զորակոչի գործընթացի թվայնացման և զորակոչից տարկետումների պայմանների հստակեցման արդյունքում, ինչպես նաև համապատասխան որոշումների ընդունման ժամանակային ընթացքը բարելավելու նպատակով, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատումների և տարկետումների տրամադրման որոշակի շրջանակ հանվել է մարզային զորակոչային հանձնաժողովների ու ՀՀ պաշտպանության նախարարի իրավասություններից և վերապահվել է տարածքային զինվորական կոմիսարներին:
Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունները և լրացումներն իրացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը սահմանող ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ՝ սահմանելով նաև համապատասխան որոշումների ձևերը:
Կառավարությունը նաև նախատեսում է գործող կարգում ներառել զորակոչի և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված՝ 2023 և 2026 թվականներին ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ տվյալներ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում սահմանվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքով նախատեսված մի շարք ազատումների և տարկետումների տրամադրման վերաբերյալ տարածքային զինվորական կոմիսարի որոշումների ձևերը, ինչպես նաև կարգում ներառվում են զորակոչի և զինվորական ծառայության կազմակերպման գործընթացին առնչվող՝ ՀՀ կառավարության կողմից 2023 և 2026 թվականներին ընդունված մի շարք որոշումների վերաբերյալ տվյալները:
Բյուջետային ազդեցությունը
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի առաջացնի պետական բյուջեի համար։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման մեխանիզմների կատարելագործման հետ:
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը՝ նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։