«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի հաղթող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանի «Մթնոլորտային ջրային գոլորշու հարկադիր խտացում՝ օգտագործելով բազմաշերտ գրաֆենով պատված ծակոտկեն կերամիկական հիմքեր» նախագիծը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառում արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հրապարակման՝ մրցույթին ներկայացվել է 1383 նախագիծ՝ 1727 աշակերտի մասնակցությամբ՝ աշխարհի վեց տասնյակ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ երկրներից։
«Regeneron ISEF-2026» տոնավաճառին Հայաստանից մասնակցել են նաև «Այբ» դպրոցի աշակերտներ Սոֆյա Սեյրանյանը, Մարիա Մելիքյանը և Ալյոնա Հակոբյանը՝ «Շրջակա միջավայրի ճարտարագիտություն» անվանակարգում ներկայացնելով «Sorbroot․ ծանր մետաղների ադսորբցիա ջրից՝ օգտագործելով պլաստիկից ստացված հումիլաթթվի նման մնացորդներ պարունակող սորբենտ» նախագծով։
Շահինյանն առաջիկայում կմասնակցի նաև Լոնդոնում անցկացվող Երիտասարդ գիտնականների միջազգային ֆորումին (LIYSF-2026), որը միավորում է 70–80 երկրների երիտասարդ գիտնականների։
Միաժամանակ, հայաստանյան ևս 2 նախագիծ կներկայացվի 2026թ․ սեպտեմբերի 22-27-ը Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք «Եվրոպական միության երիտասարդ գիտնականների միջազգային մրցույթին (The European Union Contest for Young Scientists, EUCYS), որը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և համարվում է Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։
Նշվում է, որ Հայաստանից կմասնակցեն «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի 12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Ղազարյանը և Հովհաննես Մանուկյանը՝ «Էյրիֆայ» նախագծով, ինչպես նաև Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը՝ «Խելացի բիոպլաստիկ» նախագծով:
