Ինչու պետք է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացվեն. մեկնաբանում է իշխանական պատգամավորը

«Գյումրիում արտահերթ անելու միտքը կա, գաղափարը կա, հետագայում ընթացքը ցույց կտա»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, Ղազարյանը պատասխանեց.

«Որովհետև տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը, և մենք ձայնագրություններին ենք ականատես լինում, թե ինչ ընթացք է գնում և հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ձայնագրությունները իրավակապան գործընթացներ են, ներքաղաքական ինչ գործընթաց է տեղի ունենում, պատգամավորն արձագանքեց.

«Դե իրավական պրոցեսները գնում են, բայց քաղաքն ահավոր վիճակում էր: Մենք եղանք էնտեղ և տեսանք՝ այս տարիների ընթացքում ինչքան քիչ աշխատանք է կատարվել: Քաղաքն արագ վերականգնման կարիք ունի, հետևաբար նոր կառավարում պետք է լինի»:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ իրականացվեն. «մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք», – հայտարարել էր Փաշինյանը:

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին վարչապետը խոսել էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գյումրիի ավագանու խմբակցություններից Փաշինյանին հակադարձել էին, թե ավագանին լուծարելու օրինական ոչ մի հիմք այս պահին չկա:

Գյումրիում անցած տարի ընդդիմության միավորման արդյունքում իշխանության եկավ Կոմկուսը՝ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Չնայած Ղուկասյանը հոկտեմբերից կալանավորված է, բայց տեղի ավագանին բնականոն գործում է, որոշումներ կայացնելու համար քվորում լինում է: Իսկ ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին:

Leave a Comment