Ուժը կորցրած կճանաչվի պետական գաղտնիքի աշխատողների արտոնությունների մասին որոշումը

Iravaban.net-ը ուսումնասիրել է իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել պետական գաղտնիքի ոլորտում արտոնությունների վերաբերյալ 1997 թվականի կառավարության N 487 որոշումը։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 1-ին ընդունված և 2024 թվականի հունվարի 28-ից ուժի մեջ մտած «Պետական գաղտնիքի մասին» օրենքով։

Մասնավորապես, Կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին հատկացվող արտոնությունների մասին» N 487 որոշման (այսուհետ՝ Որոշում) ընդունման համար իրավական հիմք է հանդիսացել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժա» կետը, որով Կառավարությանը վերապահված էր այդ անձանց արտոնությունների հատկացման չափերը և կարգը սահմանելու լիազորություն։ Նշված կետն ուժը կորցրած էր ճանաչվել դեռևս 2017 թվականին (ՀՕ-248-Ն)՝ սահմանելով, որ oրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա է տարածվելու փոփոխությունը (արտոնությունների դադարեցման մասով)։

«Պետական գաղտնիքի մասին» օրենքով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող և դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող անձանց համար առանձին սոցիալական երաշխիքներ (արտոնություններ) նախատեսված չեն։

Վերոնշյալից հետևում է, որ նախկինում ձևավորված իրավահարաբերությունները կարող են պահպանվել, սակայն նոր ձևավորվող աշխատանքային (ծառայողական) հարաբերություններում նման արտոնություններ չեն կարող տրամադրվել։

Միաժամանակ, 2023 թվականի մարտի 1-ին ընդունված «Պետական գաղտնիքի մասին» օրենքով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող և դրանց օգտագործմամբ աշխատանքներ կատարող անձանց համար համապատասխան սոցիալական երաշխիքներ (արտոնություններ) նախատեսված չեն։

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Ելնելով վերոգրյալից, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշումը։

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին հատկացվող արտոնությունների մասին» N 487 որոշումը։

Որոշման հիման վրա համապատասխան արտոնությունից օգտվող անձինք շարունակելու են օգտվել դրանցից։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ) ծրագրի 64-րդ գլխից, համաձայն որի՝ իրականացվելու է խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար։

Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։

Leave a Comment