ՄԻՊ-ի աշխատակազմին 2025 թվականին հատկացվել է 578 մլն 926 հազար 200 դրամ

2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է 1 ծախսային ծրագիր՝ Մարդու իրավունքների պաշտպանություն վերտառությամբ: Ծրագրի շրջանակում պետական բյուջեից ստացվել է 578 մլն 926 հազար 200 դրամ: Հատկացված միջոցներով իրականացվել է 2 միջոցառում՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ծառայությունների տրամադրում եւ Մարդու իրավունքների պաշտպանի տեխնիկական հագեցվածության բարելավում: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Զեկուցողի տեղեկացմամբ հաշվետու ժամանակահատվածում 2900-ով ավելացել են քաղաքացիների կողմից կառույց ներկայացվող դիմում-բողոքները: 2024 թվականի համեմատ շուրջ 71-ով ավելացել է նաեւ այցելուների թիվը:

ՄԻ պաշտպանը ներկայացրել է նախորդ տարվա գործունեության արդյունքները, խոսել խնամքի եւ ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ մարզային այցերից, անդրադարձել մշտադիտարկման աշխատանքների իրականացման կարեւորությանը:

Անահիտ Մանասյանի խոսքով միջազգային հանձնարարականների համաձայն՝ հաստատությունում կառուցվածքային փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ որոշ հանձնարարականներ կատարվել են օրենսդրական փոփոխությունների արդյունքում:

Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալական հարթակներում բլոգերների` խոսքի ազատության հարցում որոշակի զսպվածություն դրսեւորելու առումով առկա միջազգային կարգավորումներին, ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտի խնդիրներին:

Leave a Comment